Թուրքիայի արտաքին գործերի նախարարը կմեկնի ԱՄՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

photo_2025-03-24_17-54-45

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մարտի 25-26-ը պաշտոնական այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այն կլինի  առաջին երկկողմ  այցը Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք։

Այցի ընթացքում նախատեսվում է, որ քննարկվելու են երկկողմ հարաբերություններում հնարավոր ռազմավարական քայլերը և առաջիկայում սպասվող նախագահների հանդիպման նախապաաստման աշխատանքները։

Այցի շրջանակներում Ֆիդանը կհանդիպի ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և այլ բարձրաստիճան պաշտոնյանների հետ։ Նախատեսվում է, որ օրակարգային հարցերի թվում կլինեն Ուկրաինայում և Պաղեստինում տիրող իրավիճակը, Սիրիայում տեղի ունեցող զարգացումները, երկու երկրներին հետաքրքրող տարածաշրջանային զարգացումներև ու այդ համատեքստում համագործակցության հնարավորությունները։

Նախատեսվում է, որ Ֆիդանը Վաշինգտոնում ներկայացնելու է Թուրքիայի մոտեցումները տարածաշրջանային հարցերում, ինչպես նաև ընդգծելու է Թուրքիայի աջակցությունը Սիրիայի տարածքային ամբողջականությանը և կայունությանը, առաջարկելու է վերացնել Սիրիայի դեմ պատժամիջոցները։

Սպասվում է, որ Թուրքիայի արտգործնախարարը կընդգծի Թուրքիայի  կողմից ահաբեկչական կազմակերպություն  համարվող՝ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) և «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժեր» (YPG) լուծարման, գյուլենականների դեմ պայքարի հարցում համագործակցությունն ամրապնդելու անհրաժեշտությունը։

Թուրքիայի պետական «Anadolu»- լրատվական գործակալության փոխանցմամբ՝  հանդիպումների ընթացքում  Ֆիդանը կանդրադառնա  նաև Թուրքիայի նկատմամբ CAATSA-ի պատժամիջոցների չեղարկման շուրջ աշխատանքներ սկսելու հարցին, ինչպես նաև կկարևորի Թուրքիային «F-35. կործանիչների ծրագիր վերադարձի հարցը։

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

--00—ՅՄ