ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Սիրիայի նկատմամբ նախկինում կիրառված բոլոր պատժամիջոցները պետք է չեղարկվեն, որպեսզի արդյունավետ կերպով սկսվի երկրի վերակառուցումը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Սիրիայի նոր իշխանությունների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի հետ հանդիպումից հետո Դամասկոսում կայացած մամուլի ասուլիսում։
«Այսօր միջազգային հանրությունը, հատկապես տարածաշրջանի երկրները, պետք է մոբիլիզացվեն՝ ապահովելու Սիրիայի վերականգնումը, և որ միլիոնավոր տեղահանված մարդիկ վերադառնան իրենց երկիր։ Սիրիայում նախկին վարչակարգի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցները պետք է շուտափույթ չեղարկվեն։ Ներդրումները, ֆինանսավորումը, ենթակառուցվածքային ծառայությունները, առողջապահական և կրթական ծառայությունները պետք է հնարավորինս շուտ սկսել, որպեսզի փախստականները կարողանան վերադառնալ»,- ասել է նա։
Ֆիդանը հավելել է, որ ալ-Շարաայի հետ շփումների ընթացքում ինքը «տեսել է սիրիական նոր ղեկավարության ամուր կամքն ու վճռականությունը՝ աշխատելու այս ուղղությամբ», սակայն դա «միջազգային հանրության աջակցության կարիքն ունի»։
--00—ՅՄ