Ակներև է՝ իսրայելական գործոնն ակտիվացել է Հարավային Կովկասում՝ դրանից բխող բոլոր սպառնալիքներով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

AA

Ադրբեջանական SOCAR-ը մուտք է գործում Իսրայելի գազային շուկա՝ ստորագրելով համաձայնագիր BP-ի և NewMed-ի հետ Իսրայելի ջրային տարածքներում գազի հետախուզում իրականացնելու վերաբերյալ։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է  Վահե Դավթյանը։

«Սա SOCAR-ի առաջին միջազգային հորատման նախագիծն է, որի իրականացումը նախկինում հետաձգվում էր ՛՛Հեզբոլլահ՛՛-ի հետ հակամարտության պատճառով։

Այս ֆոնին Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթի տարանցումը դեպի Իսրայել՝ չնայած Էրդողանի խիստ հակաիսրայելական հռետորաբանությանը։ Պատճառը տնտեսական կախվածությունն է․ SOCAR-ը Թուրքիայում իրականացրել է հսկայական ներդրումներ՝ 18,5 մլրդ դոլար, իսկ ընկերության ձեռնարկությունները Թուրքիայում ապահովում են հազարավոր աշխատատեղեր։

Որպես լրացուցիչ գործոն կարելի է դիտարկել Իսրայելի ծրագրերը՝ ուղղված Հարավային գազային միջանցքով Եվրոպա գազի արտահանմանը:

Ակներև է  իսրայելական գործոնի ակտիվացումը Հարավային Կովկասում, դրանից բխող բոլոր սպառնալիքներով հանդերձ: Այդ թվում՝ Իրանի համար:

Ընդհանուր առմամբ, այս իրավիճակը ընդգծում է Թուրքիայի և Ադրբեջանի մոտեցումների տարբերությունը Իսրայելի նկատմամբ։ Սակայն այդ տարբերությունն ամենևին խորքային չէ: Անկարան շարունակում է կոշտ հակաիսրայելական հայտարարություններ անել, մինչդեռ Իսրայելի հետ տնտեսական համագործակցությունը պահպանում է բարձր արդյունավետության մակարդակում։ Ադրբեջանը, իր հերթին, փորձում է քաղաքական և տնտեսական պրագմատիզմ ցուցադրել՝ առանց ավելորդ հռետորաբանության։ Իրականում, «գետնի վրա» կողմերի մոտեցումները առնվազն չեն հակասում միմյանց»,–գրել է նա։
 

--00--ՍՊ