ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
«Արթուն ենք» շարժման հայտարարությունը.
«2026 թվականին, 2031 թվականին, 2036 և հաջորդ թվականներին սպասող, ընտրություններով իշխանափոխություն անող «ընդդիմադիր» ուժերի աչքի առաջ այս օրերին Գյումրիում տեղի է ունենում իշխանական վերաբերմունքի դրսևորումը ընտրությունների հանդեպ: Քրեական շինծու գործերով ռեպրեսիաների իրականացումը նիկոլական Հայաստանի անփոփոխ դեմքն են, ու դրանք այլևս երբեք չեն փոխվելու ո’չ 2026 թվականի, ո’չ 2031 թվականի, ո’չ 2036 թվականի ընտրությունների ընթացքում:
Հաջորդիվ՝ բոլոր ընտրությունների ընթացքում իշխանությունը հեշտությամբ գտնելու է երկու անձի, որոնց միջև շինծու հեռախոսազրույցների հիման վրա կալանավորելու է ընդդիմադիր թեկնածուների, ընտրական շտաբի անդամների և պարզապես ոչ իշխանահաճո մարդկանց:
Ընդդիմության այն հատվածը, որը ձեռքերը ծալած կնստի մինչև հաջորդ ընտրություններ, կդառնա հանցակիցն այս իշխանությունների հավերժացման գործընթացի և նիկոլի բերած բոլոր աղետների: Բավական է շարժվել նեղ խմբային կամ նեղ անհատական շահերով: Հանրությունը քնած չէ: Հանրությունը տեսնում է քաղաքական ընդդիմության որոշ հատվածների բուռն գործունեության իմիտացիան, 2026 թվականի ընտրություններին մի քանի մանդատ փախցնելու ախորժակը և, միևնույն ժամանակ, հանրությունը վաղուց պատրաստ է վճռական, արդյունավետ պայքարի և չարիքը հաղթահարելու իրական քաղաքական առաջարկի իրացմանը:
Դատապարտում ենք Գյումրիում ընդդիմադիր թեկնածու Մարտուն Գրիգորյանի դեմ իրականացվող ռեպրեսիաները և կոչ ենք անում ընդդիմությանն ի վերջո սկսել իշխանափոխության՝ այս պահին միակ իրական հնարավորություն հանդիսացող իմպիչմենտի գործընթացը, այլապես իշխանական ռեպրեսիաները շարունակվելու և անպատժելիությունից նոր թափ են հավաքելու 2026 թվականի, 2031 թվականի, 2036 ու հետագա բոլոր թվականների ընտրությունների ժամանակ…»։
--00—ՅՄ