ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 31, 24News
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովը վերջին 4 տարին զգալի աշխատանք է կատարել տարբեր ոլորտներում՝ ապահովելով բարենպաստ պայմաններ ԵԱՏՄ տարածքի քաղաքացիների, բիզնեսի համար», - Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Տիգրան Սարգսյանն ընդգծեց, որ այս տարիների ընթացքում նկատելիորեն բարձրացել է ԵԱՏՄ-ի հեղինակությունը:
«Մեզ հետ աշխատում են և ցանկանում են աշխատել մի քանի տասնյակ երկրներ և միություններ: Այս շրջանում նկատելիորեն ընդլայնվել է ազատ առևտրի գոտին»,-ասաց նա:
Վերջինիս հավաստմամբ՝ մենք էականորեն առաջընթաց ենք ապահովել ԵԱՏՄ քաղաքացիների համար բարենպաստ պայմանների բարելավման ապահովման գործում՝ ազատ տեղաշարժը, սոցիալական երաշխիքը, կենսաթոշակային ապահովությունը, դիպլոմների ճանաչումը: Բիզնես հատվածի համար գործունեության պայմանների բարելավման համար ընդունվել են մաքսային օրենսդրական առաջարկներ, որոնց շնորհիվ մաքսային գործընթացների ժամկետները կրճատվել են մի քանի անգամ: Մի քանի ոլորտներում գործում են շուկայի միասնական կանոններ: Տարբեր ապրանքների արտադրության 85 տոկոսի համար ընդունվել են տեխնիկական կանոնակարգեր: Գործարկվել է դեղամիջոցների, բժշկական ապրանքների միասնական շուկա։
ԵԱՏՀ կոլեգիայի նախագահը տեղեկացրեց, որ ընդունվել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը մի շարք ոլորտներում 2025 թվականին ընդհանուր շուկայի գործարկման վերաբերյալ: Ինստիտուցիոնալ հիմքի վրա են դրել ԵԱՏՄ տարածքում արգելքների դեմ պայքարի գործընթացը: Արդեն 51 արգելք հանվել է, դրանից բացի ակտիվ աշխատանք է կատարվում ԵԱՏՄ անդամ երկրների օրենսդրական մարմինների հետ՝ ներդաշնակեցնելու արգելքների ի հայտ գալու կանխարգելման գործընթացը:
Վերջին 4 տարում եվրասիական տարածքի ներսում առևտրաշրջանառությունն աճել է 32 տոկոսով: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը զգալի աշխատանք է կատարել թվային օրակարգի ուղղությամբ: Քննարկվել է 80 առաջարկություն և արդեն թվային ոլորտում գործի է դրվել 5 ծրագիր:
Տիգրան Սարգսյանը շնորհակալություն հայտնեց հանձնաժողովի և կոլեգիայի անդամներին արդյունավետ աշխատանքի համար և հաջողություն մաղթեց նոր անձնակազմին: