ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը օրենքի նախագիծ է ներկայացրել խորհրդարան, որով առաջարկում է հանել ԱԺ լսումներ կազմակերպելու որոշ սահմանափակումներ։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Քիչ առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագիծը:
Դրանով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել այն կարգավորումները, որոնք սահմանափակում են խմբակցությունների կողմից լսումներ հրավիրելու հնարավորությունը։
Այսինքն՝ այժմ խմբակցությունը կարող է խորհրդարանական լսումներ կազմակերպել՝
– միայն իր կամ խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորի առաջադրած նախագծին վերաբերող հարցով,
– յուրաքանչյուր հերթական նստաշրջանի ընթացքում 1 անգամ:
Մեր կողմից առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ այս սահմանափակումները կհանվեն օրենքից, և խմբակցություն հնարավորություն կունենա լսումներ հրավիրել ցանկացած ժամանակ և ցանկացած առարկայի վերաբերյալ։
Հուսով ենք՝ այլ խմբակցությունները ևս հետաքրքրված են ներկայացված նախագծի ընդունմամբ», – գրել է Մարուքյանը։