ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում խորհրդարանական լսումներ կկայանան, որի օրակարգում «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ «Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկումն է:
Հայստարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Հաշվի առնելով թշնամու կողմից արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով` նաեւ խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը թիրախավորելով, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված եւ նոյեմբերի 10-ին ավարտված ակտիվ պատերազմական գործողությունների հետեւանքները,
նկատի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 09-ին հայտարարության ստորագրմանը հաջորդած հասարակական-քաղաքական զարգացումները եւ դրանց հնարավոր հետեւանքները,
Ականատես լինելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցվող անթույլատրելի բռնության կոչերին եւ պատասխանատվություն ստանձնելու բացարձակ անկարողությանը,
Վերլուծելով Հայաստանի Հանրապետության կառավարության անդամների (այդ թվում` պաշտոնաթող) եւ տարբեր գերատեսչությունների բարձրաստիճան աշխատակիցների կողմից ներկայացվող փաստական հանգամանքները,
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 103-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 1-ին եւ 5-րդ մասերը`
ՀԱՅՏԱՐԱՐՈւՄ Է
Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների հետեւյալ ծրագիրը`
1. Պարտության սիմվոլ վարչապետը հեռանում է: Խորհրդարանն ընտրում է վարչապետ: Ձեւավորվում է իրենց ոլորտներում հաջողության հասած անձանց պրոֆեսիոնալ անցումային կառավարություն.
2.Հայ-ռուսական հարաբերությունների բարձր որակի ապահովում.
3.Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված հայտարարության անորոշ դրույթների շուրջ բանակցությունների նախաձեռնում եւ վարում` հայանպաստ լուծումների հասնելու նպատակով: Արցախի ինքնորոշման իրավունքի վերջնական ամրագրման եւ կենսագործման, երկարաժամկետ կայունության եւ խաղաղության, հայկական շահը արտահայտող, հավասարակշռված համաձայնագիր ունենալու նպատակով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով բանակցությունների ընթացքի վերականգնում.
4.Հայաստան-Արցախ-Սփյուռք ներուժի համախմբում.
5.Ներքին իրավիճակի կայունացում, բախումների դադարեցում, հանրային համերաշխության վերականգնում, պառակտող գործողությունների, բռնության կոչերի, ատելության խոսքի բացառում.
6.Պետական ինստիտուտների վերականգնում, ամրապնդում: Իրավապահ մարմինների աշխատանքի խիստ համակարգում, երկրում կարգուկանոնի ամրապնդում` հանրային անվտանգության վերականգնման ապահովման նպատակով.
7. Զոհված, անհետ կորած, գերեվարված, վիրավորված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց ու նրանց ընտանիքների կարիքների պատշաճ ապահովում.
8.Արցախահայության (այդ թվում` փախստականների) սոցիալական կարիքների անհապաղ լուծում եւ կենսագործունեության պայմանների վերականգնում Արցախում.
9. Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետ համակարգում.
10. Միջազգային դոնորների համաժողովի հրավիրում` ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, ԵՄ 27 երկրներ, Իրան, արաբական երկրներ եւ այլն: Հայաստան-Արցախ ավիրված հատվածի վերականգնման համար առնվազն 1 մլրդ դոլար միջոցների ներգրավում.
11. Հայկական դիվանագիտության թիմի աշխատանքների հիմնարար փոփոխություն, արտաքին քաղաքականության վերաիմաստավորում, նախաձեռնողական քաղաքականության վարում դաշնակից եւ այլ պետությունների հետ: Հայաստանի խախտված իրավունքների պաշտպանության նախաձեռնում միջազգային դատական ատյաններում.
12. Տնտեսությունն ու բանակը վերականգնելու ազգային հեռանկարային ծրագրի մշակում, կայուն զարգացման ապահովում.
13. Ազատ, արդար ու թափանցիկ, հավասար պայմանների ապահովմամբ` խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացում»։
ԼՀԿ-ի հայտարարությունն առավել մանրամասն՝ այստեղ:
--00—ԼՄ