ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված ոստիկանության ինքնամեկուսացած ծառայողներ կան, նրանք շատ չեն, բայց թիվը հրապարակման ենթակա չէ: Այդ մասին կառավարության ասուլիսի ժամանակ ասել է ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը:
«Ունենք ոստիկաններ, որոնք կորոնավիրուսի թեստ են հանձնել, փա՛ռք Աստծո, ամեն ինչ նորմալ է: Մեկ ոստիկան իր ընտանիքով Ծաղկաձորում ուղղակի հսկողության տակ է»,- ասել է նա:
Ըստ փոխոստիկանապետի՝ ոստիկանության հոսպիտալում նույնպես կազմակերպվել է կորոնավիրուսով հիվանդ անձանց բուժումը. այժմ ոստիկանության հոսպիտալում 59 ՀՀ քաղաքացի կա:
Ըստ Մհրյանի՝ օրվա մեջ մի քանի անգամ հեռախոսով կապ է հաստատվում ինքնամեկուսացած քաղաքացիների հետ: Լինում են դեպքեր, երբ քաղաքացիները խախտում են ինքնամեկուսացման կանոնները:
«Առողջապահության նախարարության կողմից մեզ տեղեկություններ են տրվել, որ այսինչ հասցեում այսինչ անձը կատարում է ինքնամեկուսացման խախտում: Մենք անմիջապես կապվում ենք տվյալ անձի հետ, հորդորում, բացատրում և խնդրում, որ նա կատարի ինքնամեկուսացման պայմանները:
Ես թվեր չեմ ասի, որ ՀՀ-ում ունենք մեկուսացված անձինք, և այդ ցուցակներն ամեն օր ճշգրտվում են առողջապահության նախարարության հետ, հաջորդ օրը աշխատում ենք այդ ճշգրտված ցուցակներով»,- ասել է պաշտոնյան: