ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News
Շիրակի Անի խոշորացված համայնքում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 8 նոր դեպք. համայնքում վարակակիր է 18-ը: Նրանք Մարալիկի հիվանդանոցի աշխատակիցներ են: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Նշենք, որ ապրիլի 13-14 կատարված նմուշառումների արդյունքում Մարալիկի հիվանդանոցի 10 աշխատակցի մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս: Այս փաստով՝ որոշվել էր մյուս աշխատակիցներից նույնպես վերցնել նմուշառում:
Մարզպետի փոխանցմամբ՝ հիվանդանոցի ավելի քան 50 աշխատակից ինքնամեկուսացված է, իսկ 40 անձինք, որոնք շփում են ունեցել, գտնվում են մեկուսացման մեջ:
Թեստերի ախտորոշման դրական արդյունքով բոլոր հիվանդները գտնվում են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում:
Մարզպետը նշել է, որ աշխատանք է տարվում բնակավայրում տեղաշարժի սահմանափակման հարցի որոշման ուղղությամբ. «Այստեղ կա մեկ խնդիր. ճանապարհն անցնում է Մարալիկ ու Ձորակապ բնակավայրերի միջով, փորձելու ենք միջանցքը չփակելով մտածել գործիքներ, որոնցով հնարավոր կլինի վերահսկել տեղաշարժը»: