ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News
«Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանը մեղադրվում է մոտ 20 մլն ԱՄՆ դոլար կաշառք տալու մեջ: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Առուստամյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանը։
Հիշեցնենք, որ Առուստամյանն ապրիլի 25-ին երկու ամսով կալանավորվել է` Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի որոշմամբ։ Վերջինս հայտնել է, որ կբողոքարկի կալանավորման որոշման դեմ։ Բացի այս քրեական գործից, Սեդրակ Առուստամյանին ևս 2 մեղադրանք է առաջադրված:
Առուստամյանի փաստաբանը նշել է, որ մեղադրանքն առաջադրվել է ենթադրությունների հիման վրա. «Մեղադրանքի համար ի սպառ բացակայում են փաստական և իրավական հիմքերը»:
Փաստաբանի հաղորդմամբ՝ Առուստամյանը 2009-2011թթ.-ին փոխառության պայմանագրով տոկոսով գումար է տվել երկու անձի` տարեկան 4 տոկոս տոկոսադրույքով: Պայմանագրերն առկա են. դրանց գործողության ժամկետները երկու անգամ երկարացվել են: Սուքիասյանը հավելել է՝ պայմանագրերը մինչ օրս ունեն իրավական արժեք, իրավական ուժ և գործում են. «Առուստամյանին մեղադրում են, որ կաշառք է տվել, այնինչ՝ տարիների ընթացքում պայմանագրերի ժամկետները երկարացվել են, և նա սպասում է այդ գումարին»: Փաստաբանի պարզաբանմամբ՝ խոսքը մոտավորապես 20 միլիոն դոլարի մասին է:
Սուքիասյանը նաև հայտնել է, որ նախորդ տարվա օգոստոսի 27-ին Առուստամյանն այս գործով որպես վկա հարցաքննվել է՝ տալով մանրամասն ցուցմունք :