ԵՐԵՎԱՆ,ՄԱՅԻՍԻ 8, 24 News
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի Զավիյաթ ալ-Դահմանի շրջանում, որտեղ գտնվում են Թուրքիայի և Իտալիայի դեսպանատները «Գրադ» տեսակի հրթիռներով հարձակում է տեղի ունեցել։
Թուրքական աղբյուրները պնդում են, որ հարձակման հետևում կանգնած են գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած Լիբիայի Ազգային բանակի ուժերը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Թուրքիայի աջակցությունը վայելող Լիբիայի ազգային համաձայնության կառավարության առողջապահության նախարարության տարածած հայտարարությամբ՝ Զավիյաթ ալ-Դահմանի շրջանում իրականացված հարձակման հետևանքով սպանվել է 3 քաղաքացի, որից 2-ը՝ անվտանգության աշխատակից։ Վիրավորվել է 4 մարդ։
Հաղորդվում է, որ բացի մարդկային կորուստներից կան նաև նյութական կորուստներ։
Ավելի վաղ՝ ապրիլի 27-ին, Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը հայտարարել էր, որ երկրի կառավարումն անցնում է բանակին: Հաֆթարը նշել էր, որ դուրս է գալիս 2015-ին ձեռք բերված քաղաքական համաձայնությունից, որի արդյունքում ձևավորվել էր Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությունը:
Հիշեցնենք, որ Թուրքիան աջակցում է Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությանը, իսկ արաբական երկրներից Սաուդիան Արաբիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները` գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած Լիբիայի ազգային բանակին:
2011-ին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից հետո երկիրը դադարել էր լինել մեկ պետություն: Այժմ Լիբիայում տիրում է երկիշխանություն: Ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանն արևելքում է, իսկ արևմուտքում՝ մայրաքաղաք Տրիպոլիում, ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ ձևավորված կառավարությունը, որը ղեկավարում է Ֆայեզ Սարաջը: Երկրի արևելյան մասի իշխանությունները գործում են անկախ Տրիպոլիից և համագործակցում Հաֆթարի հետ: