ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News
«Твой дом» ցանցի առևտրային տներից անհետացել են հայկական ապրանքները: Այս մասին РБК-ի հետ զրույցում հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը:
Առավոտից մեզ դիմում են խոշոր արտահանողներ, պատմում են, որ Արազ Աղալարովին և հարևան երկրի այլ ներկայացուցիչների պատկանող այս ցանցի բոլոր առևտրային տներից դուրս են բերել հայկական արտադրության ապրանքները»,- ասել է նա:
Դեսպանը նշել է, որ խոսքը պահածոների մասին է, նաև հանքային ջրի ու ալկոհոլի:
«Միևնույն ժամանակ, բոլոր տաղավարները լրացվել են Ադրբեջանում արտադրված ապրանքներով: Սա արդեն սադրանք է, որի նպատակն է Ռուսաստանի առևտրային կետերը դարձնել մի «Մեծ Լեռնային Ղարաբաղ», սա կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ: Մեր ձեռքում են այս առևտրային կենտրոնի հետ հայկական կազմակերպությունների և դիլերների էլեկտրոնային նամակագրությունները: Դրանցում բացահայտ կերպով հղում է արվում ղեկավարության կարգադրության վրա, որում նշվում է Հայաստանից բերված ապրանքներ չընդունելու մասին: Սա փաստ է: Ես այդ մասին արդեն իրազեկել եմ համապատասխան գերատեսչություններին»,- նշել է դեսպան Տողանյանը: