ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Միացյալ Նահանգների Ֆրեզնո քաղաքի իշխանության ներկայացուցիչները միացել են տեղի հայ համայնքին՝ կոչ անելով դադարեցնել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող բռնություններն ու զսպող քայլեր ձեռնարկել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ՝ փոխանցում է yourcentralvalley.com կայքը: Այս մասին հայտնում է 1lurer.am-ը։
Ֆրեզնոյի քաղաքապետարանի շենքի մոտ տեղի է ունեցել Հայաստանի պետական դրոշի բարձրացման արարողությունը՝ ի նշան Հայաստանի ժողովրդի հետ համերաշխության:
«Նշանակություն չունի՝ մենք այստեղ ենք, թե Հայաստանում: Մենք կապված ենք Հայաստանի հետ: Մենք կապված ենք այստեղ ապրող մարդկանց միջոցով»,- ասել է Ֆրեզնոյի քաղաքապետարանի ներկայացուցիչ Ջերի Դայերը:
Նա նշել է, որ Հայաստանի դրոշը բարձրացնելով՝ իրենց համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդին և կանգնած են նրանց կողքին։
Քաղաքային իշխանությունները Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին կոչ են արել դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան։
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։
Աղբյուրը՝ 1lurer.am։
--00—ՄՀ