ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News
Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը և նրա կինը՝ Մելինդա Գեյթսը, հայտնել են իրենց ամուսնալուծության մասին, որը 2019-ին Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի և նախկին կնոջ՝ ՄաքՔենզի Սքոթի ամուսնալուծությունից հետո կարողության բաժանման առումով ԱՄՆ-ում կդառնա երկրորդ խոշորագույնը։ Այս մասին գրում է Daily Mail-ը։
Բիլ Գեյթսի կարողությունը գնահատվում է 130 մլրդ դոլար։ Նրան են պատկանում ԱՄՆ-ի տարբեր մասերում գտնվող հինգ առանձնատուն, շքեղ ավտոմեքենաներ, արվեստի եզակի գործերի հավաքածու, և մի շարք մասնավոր ինքնաթիռներ:
Գեյթսը նաև համարվում է ԱՄՆ-ի գյուղատնտեսական հողատարածքների խոշորագույն մասնավոր սեփականատերը։ 18 տարբեր նահանգներում նա ունի ավելի քան 97 934 հեկտար հողատարածք։
Պարբերականի փոխանցմամբ, թեև Մելինդա և Բիլ Գեյթսերն ավելի վաղ հայտնել էին, որ իրենց կարողության մեծ մասը տրամադրելու են բարեգործությանը՝ իրենց երեխաներից յուրաքանչյուրին թողնելով 10-ական միլիոն դոլար՝ ամուսնալուծության գործընթացի ժամանակը ստիպված կլինեն բաժանել իրենց կարողությունը։
--0--ԿԿ