ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News
Հայաստանի տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերումից հետո միայն հնարավոր կլինի դիտարկել որևէ ձևաչափով և օրակարգով քննարկումների հնարավորությունը: Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքելով Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածք ներխուժելուց հետո ստեղծված իրադրությանն ու հանգուցալուծման ուղղությամբ ընթացող խոսակցություններին:
«Հայկական կողմի դիրքորոշումը հստակ է. Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումից հետո միայն պայմաններ կստեղծվեն որևէ ձևաչափով և օրակարգով քննարկումների հնարավորությունը դիտարկելու համար»,-նշեց Նաղդալյանը:
Ինչ վերաբերում է ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի բացակայությանը կառավարության նիստից, Նաղդալյանը պարզաբանել է, որ պատվիրակությունը Դուշանբեից Երևան վերադառնալու ճանապարհին է:
Նախարարի պաշտոնակատարը Դուշանբե էր մեկնել՝ մասնակցելու ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստում անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ նշեց.
«Կարող ենք արձանագրել, որ ահռելի դիվանագիտական աշխատանք է արվել և արվում, և դրա կարևոր վկայություններից է նաև այն, որ այսօր Կառավարության նիստում Արտաքին գործերի նախարարության տեղը թափուր է, որովհետև ԱԳՆ մեր բոլոր գործընկերները հենց այս պահին օպերատիվ զբաղվում են այդ աշխատանքով: Եվ պիտի արձանագրեմ, որ այս պահի դրությամբ կատարված դիվանագիտական աշխատանքը համարում եմ արդյունավետ»:
--00--ԱԹ