ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն աշխատանքային այցով «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ում էր։ Նախարարը հանդիպում-քննարկում է անցկացրել ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակիցների հետ՝ ծանոթանալու իրականացվող և նախատեսվող ծրագրերի ընթացքին և արդյունքներին։
Գրասենյակի տնօրեն Արմեն Եսոյանը և տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ նախարարին են ներկայացրել ծրագրերի ընթացքը։
Նախարարը կարևորել է իրականացվող ծրագրերի անխափան և հարթ ընթացքը, քանի որ դրանցից յուրաքանչյուրն իր վերջնադյունքով միտված է Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի վիճակի բարելավմանը և քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը։
Այս պահին Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի» կողմից իրականացվում են թվով 7 ծրագրեր՝
- ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում,
- Ապագա առաջնորդների ներգրավում. երիտասարդների համար հարմարվողականության հիմնախնդիրների եվ լավագույն փորձի վերաբերյալ թվային կրթական մոդուլի ստեղծում,
- Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով,
- Կայուն կարողությունների զարգացում՝ կենսաանվտանգության տեղեկատվական հարթակից արդյունավետ օգտվելու համար երրորդ ազգային ծրագիր,
- Անցում էլեկտրական շարժունակությանը Հայաստանում,
- Արթիկ քաղաքի փակ քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում,
- Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում։
Նախարարը շեշտել է, որ ծրարգրերի արդյունքները պետք է լինեն հստակ և չափելի` առանձնացնելով Հայաստանում անտառապատ տարածքների վերականգնման բաղադրիչ պարունակող ծրագրերը։
«Հայաստանի կառավարությունը հստակ հանձնառություն ունի երկրում ավելացնել անտառածածկ տարածքները։Եվ այդ հանձնառության կյանքի կոչման ճանապարհին չափազանց կարևոր է շարունակել արդյունքի միտված աշխատանքները միջազգային դոնոր կազմակերպությունների հետ»,-նշել է նախարարը։
Հանդիպման ավարտին նախարարը փաստել է, որ առկա է ծրագրերի ընթացիկ աշխատանքների ակտիվացման մեծ ներուժ և պետք է անել հնարավորը՝ բոլոր նախագծերին ու ծրագրերին նոր շունչ հաղորդելու և դրանք կյանքի կոչելու համար:
Այս համատեքստում նախարար Հակոբ Սիմիդյանը կարևորվել է գրասենյակի աշխատակիցների և նրանց մասնագիտական կարողությունների դերը և խոստացել աշխտանքներ տանել նաև գրասենյակի շենքային պայմանների բարելավման ու աշխատակիցների կարողությունների հզորացման ուղղությամբ։
--00--ՍԳ