ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Սեպտեմբերի 27-ին Էստոնիայի Հանրապետությունում ՀՀ նորանշանակ դեսպան Հովհաննես Իգիթյանը (նստավայրը՝ Վիլնյուս) իր հավատարմագրերն է հանձնել Էստոնիայի նախագահ Ալար Կարիսին։
Նախագահ Կարիսը շնորհավորել է դեսպան Իգիթյանին և վստահություն հայտնել, որ նա իր դիվանագիտական առաքելությունը կծառայեցնի հայ-էստոնական հարաբերությունների հետագա զարգացմանն ու փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը։
Զրուցակիցները կարևորել են ընդհանուր արժեքների և փոխշահավետ համագործակցության վրա հիմնված երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները։
Դեսպան Իգիթյանը անդրադարձ է կատարել նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիային և դրա հետևանքներին, ինչպես նաև վերջինիս կողմից իրականացվող սահմանային հրադադարի պարբերաբար խախտումներին։ Շնորհակալություն հայտնելով նախագահ Կարիսին Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ Էստոնիայի կողմից արված հայտարարության համար՝ դեսպանը կոչ է արել առավել թիրախավորված կերպով դատապարտել Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ։
--00—ԻԴ