ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանը դեկտեմբերի 7-ի նիստում քննարկել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանի, Վլադիմիր Վարդանյանի եւ Արփինե Դավոյանի հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հեղինակներն առաջարկում են օրենքի 33-րդ հոդվածը լրացնել նոր՝ 4.1-ին մասով. «Երդվելուց հետո պատգամավորներն Ազգային ժողովի նիստում ստորագրում են երդման տեքստի տակ»:
Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը փոփոխության չէր ենթարկվել՝ առաջարկներ չլինելու պատճառով:
Կառավարության հեղինակած երկրորդ ընթերցմամբ քննարկված ««Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի նպատակն է գործնականում ապահովել Կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի «Հանրապետական գործադիր մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 1369-Ն որոշման պահանջների համապատասխանեցումն իրավական սկզբունքներին:
Նախագծերն ԱԺ պետական-իրավական հանձնաժողովում ստացել են դրական եզրակացություն:
--00—ՅՄ