ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News
Նիդերլանդների խորհրդարանի մի խումբ նախկին պատգամավորներ համատեղ հայտարարություն են հրապարակել «Nederlands Dagblad» կայքէջում, որում կոչ են անում Նիդերլանդների կառավարությանը և միջազգային կառույցներին միջազգային խաղաղապահ առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և ճնշում գործադրել Բաքվի վրա, որպեսզի ընդունի այդ առաքելությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Նիդերլանդների խորհրդարանի նախկին պատգամավորները հիշեցրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախորդ շաբաթ հնչեցրած հայտարարությունը, այն է՝ անվտանգության հավաստի երաշխիքների ապահովման դեպքում Հայաստանը պատրաստ է տարածաշրջանը ճանաչել որպես Ադրբեջանի մաս։
«Պրակտիկ առումով սա նշանակում է, որ պետք է լինի միջազգային ներգրավվածություն այդ խաղաղությունը պահպանելու և էթնիկ զտումները կանխելու համար: Այստեղ կարևոր է Նիդերլանդների կառավարության դերը։
Խաղաղությանը հնարավորություն տալու համար, բացի Արցախի բնակիչների երաշխավորված անվտանգությունից, անհրաժեշտ է նաև Ադրբեջանի հավատարիմ համագործակցությունը վերջնական սահմանների հաստատման, ռազմագերիների վերադարձի, փախստականների անվտանգ վերադարձի, վարչական և մշակութային ինքնավարության հարցերում։ Միանշանակ կարևոր է նաև տարածաշրջանային կապուղիների վերաբացումը, ինչպիսին է այժմ փակ Լաչինի միջանցքը՝ Հայաստանից Արցախ միակ մուտքի ճանապարհը»,- նշված է հայտարարության մեջ։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՍՊ