Տղամարդը պարեկներին է ներկայացել մոխրացած հետքերով ապակե գլանակը ձեռքին․ թմրամոլության դեմ պայքար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24news

Հունիսի 8-ի կեսգիշերից քիչ անց Լոռու պարեկները Վանաձորի Տիգրան Մեծի և Բաթումի փողոցների խաչմերուկում ստուգման պատակով կանգնեցրել են մի «Մերսեդես»: Վանաձորցի 24-ամյա վարորդը չի ներկայացրել վարորդական իրավունքի վկայական: Հետագա գործողությունների ընթացքում, երբ վարորդը բացում էր սրահի պահոցը, պարեկները նկատել են դեղնականաչավուն հետքերով կաթուցիչ: 27-ամյա ուղևորը ոստիկաններին հայտնել է, որ դրանով թմրանյութ է օգտագործել:

Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Տարոնի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ երիտասարդները, կազմված փաստաթղթերի հետ, ներկայացվել են Լոռու մարզի քննչական վարչություն:

Նույն օրը, գիշերվա ժամը 1.20-ին, Վանաձոր-Ալավերդի ճանապարհին ծառայութուն իրականացնող պարեկները Վահագնաձոր գյուղի մոտ ստուգման նպատակով կանգնեցրել են մեկ այլ «Մերսեդես»: Մեքենայից իջել է մի ուղևոր` Ալավերդու բնակիչ, 33-ամյա երիտասարդ՝ ձեռքին մոխրացած հետքերով ապակե գլանակ: Նա ոստիկաններին հայտնել է, որ այն թմրանյութ օգտագործելու համար է, ու հիմա մոտը թմրամիջոց կա:

Երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մանրացված զանգվածով փաթեթ: Ըստ նրա` կանեփն ինքն է քաղել վայրաճ թփերից և իր համար պատրաստել թմրանյութ:

Գուգարքի բաժին են հրավիրվել նաև «Մեսեդեսի» վարորդն ու մյուս ուղևորը: Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, իսկ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզի քննչական վարչություն:

Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են:

--00—ՅՄ