ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News
Եվրահանձնաժողովից «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են, որ կվերլուծեն ԵՄ-ին Հայաստանի անդամակցության օրենսդրական նախաձեռնությունը և կքննարկեն այն Երևանի հետ։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության հունվարի 9-ի նիստին հավանության արժանացավ ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը։
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել և այժմ կառավարությունը պետք է սահմանված կարգով դիրքորոշում հայտնի։
Ըստ Փաշինյանի՝ օրենքի ընդունումը սակայն չի նշանակում Հայաստանի անդամակցություն Եվրամիությանը ուղիղ իմաստով, որովհետև այդ կետին հասնելու համար և այդ կետում որոշում կայացնելը չի կարող լինել օրենքի և նույնիսկ կառավարության որոշման մակարդակով․ «Այդ կետում որոշում կայացնելը կարող է լինել միայն հանրաքվեի ճանապարհով, ուրիշ տարբերակ չկա։ Եթե հիմա նույնիսկ օրենք ընդունենք, կառավարության որոշում ընդունենք, ինչքանով դրա իրավական լուծումները կգտնենք, դա ուրիշ հարց է, բայց Եվրամիության և ընդհանրապես վերպետական կազմակերպության անդամագրվելու որոշումը մեր Սահմանադրության համաձայն կարելի է իրականացնել միայն ու միայն հանրաքվեի միջոցով։ Այսինքն՝ սցենարներից որևէ պարագայում Հայաստանի Հանրապետությունը Եվրամիության անդամ կարող է դառնալ միայն այն դեպքում, երբ նշանակվի հանրաքվե և մեր Սահմանադրությամբ նախատեսված կարգով հանրաքվեի մասնակիցների սահմանված չափով կողմ ձայներ կստացվեն»,- ընդգծել էՓաշինյանը։
--00—ՅՄ