Գեղամ Գևորգյանը հյուրընկալել է Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

363365626_6843520632338163_935473007027253169_n

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր հյուրընկալել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարար Ալեքսեյ Բոգդանովի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես հյուրերի առաջարկով ներկայացվել է թվային հարթակների գործունեության ոլորտում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կատարած ուսումնասիրությունը, հակամրցակցային համաձայնությունների բացահայտման գործիքակազմը, ակցիաների, այդ թվում՝ զեղչերի ոլորտում իրականացված բարեփոխումները և մի շարք այլ հարցեր։

Անդրադարձ է կատարվել էլեկտրոնային գործիքակազմերի կիրառման ՄՊՀ փորձին, մասնավորապես e-compete համակարգին, որի միջոցով ամբողջովին թվայնացվել է հանձնաժողովի գործունեությունը, այդ թվում՝ վարույթների իրականացումը, նիստերի կազմակերպումը, փաստաթղթաշրջանառությունը, հանձնաժողովի հետ կապը և այլն:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ԱՊՀ մասնակից պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի այս տարի Երևանում անցկացվելիք նիստին առնչվող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ  հարցերի շուրջ:

--00—ՅՄ