ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․
«Թուրքիան կարծես թե լրջորեն ձեռնմուխ է եղել Եվրամիության ուղղությամբ իր «բաժնետոմսերի» գինը բարձրացնելու գործին: Արդեն անդրադարձել եմ Գերմանիայի խորհրդարանի ընտրությունից հետո Էրդողանի գնահատականին: Նա հայտարարել է, որ լիբերալ Եվրոպան ճգննաժամի մեջ է, առաջընթաց են ապրում ուլտրաաջ պոպուլիստները, եւ այդ ճգնաժամը Եվրոպան կարող է հաղթահարել միայն Թուրքիայի օգնությամբ, Թուրքիայի՝ ԵՄ անդամ դառնալու միջոցով:
Մի կողմ թողնենք՝ Թուրքիան կդառնա ԵՄ անդամ, թե ոչ:
Տվյալ դեպքում էականը շարժերն են եւ Անկարան՝ ամերիկա-ռուսական երկխոսության, նաեւ ԱՄՆ-ԵՄ «չերկխոսության» ֆոնին փորձում է իր ծառայությունը հնարավորինս շահեկան գնով վաճառել Եվրամիությանը: Իսկ Եվրամիությունը այսօր դրա կարիքը շատ ունի, նվազագույնը՝ «մկան մեզն էլ ջաղացին օգուտ է» ժողովրդական հայտնի խոսքի տրամաբանությամբ: Իսկ Թուրքիան իհարկե բավականին տրամաչափ ու կարգ ունեցող տերություն է:
Էրդողանը Եվրոպական Խորհրդի նախագահ Կոստայի հետ հեռախոսազրույցում էլ նշել է, որ երկու կողմերի շահից է բխում եվրոպական անվտանգության համակարգի համատեղ մշակումը:
Բնականաբար, Աննկարան ձգտելու է անվտանգության մարտահրավերների դեմ առերեսվող Եվրամիությանը աջակցություն առաջարկելով, իր համար կարեւոր ուղղությունները եւ շեշտադրումները ներառել եվրոպական անվտանգության համակարգի «գծագրերում»:
Կասկած չկա, որ առաջիններից մեկը այստեղ լինելու է Կովկասը: Թուրքիան ակնկալելու է Եվրոպայում Բրյուսելին իր ծառայությունն առաջարկելու դիմաց՝ Բրյուսելի ծառայությունը Կովկասում իր համար կարեւոր հարցերում: Իսկ դա Եվրոպայի համար կարող է լինել ընդունելի, համենայն դեպս այսօրվա Եվրոպայի, որը ավելի շուտ ոչ թե պատրաստ է Ռուսաստանի հետ պայմանավորվածության սուբյեկտային վարքի, այլ ամեն կերպ ԱՄՆ խնամքը պահելու համար ռուս-ամերիկյան երկխոսությունը տապալելու գաղափարին:
Թուրքիան համարում է, որ օգտվելու պահն է:
Սա նշանակում է, որ Եվրամիությունը տեսանելի ապագայում Երեւանից ավելի շատ ակնկալելու է քայլեր, որոնք ավելի համահունչ կլինեն Թուրքիայի պատկերացումներին եւ ռեգիոնում Թուրքիայի դերը բարձրացնելուն:
Երեւանին այս ժամանակահատվածում թերեւս հարկ է անել հակառակը՝ քայլեր, որոնք առավել անմիջականորեն կսահմանեն Հայաստանի հանդեպ վարքագծային պատասխանատվություն հենց ԵՄ համար»։
--00—ՍՊ