ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News
Օգոստոսի 29-ին Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը հյուրընկալեց Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. Մասանորի Ֆուկուշիմային:
Դեսպանը ծանոթացավ «Եվրոպա-Հայաստան. հանդիպման վայրն արվեստն է» նորաբաց ցուցադրությանը, ինչպես նաև թվայնացման և վերականգնման աշխատանքներին:
Հատուկ շրջայց կազմակերպվեց Մատենադարանի արխիվապահոցում, որտեղ դեսպանին ներկայացվեցին ճապոնական մշակույթին առնչվող արխիվային նմուշներ:
Վերականգնման բաժնի աշխատակիցները մասնավորապես ներկայացրեցին ձեռագրերի վերականգնման ընթացքում կիրառվող ճապոնական սարքավորումներն ու նյութերը:
Հանդիպմանը քննարկվեց նաև վերականգնման ոլորտում ճապոնական մասնագիտացված կազմակերպությունների և փորձագետների հետ համագործակցության հնարավոր հեռանկարները:
Դեսպանը պատրաստակամություն հայտնեց համակողմանիորեն աջակցելու համագործակցության խորացմանը:
Շնորհակալություն հայտնելով բարձր ընդունելության համար՝ Ն.Գ. Մասանորի Ֆուկուշիման հայերենով ամփոփեց իր խոսքը՝ «Այս օրը ճակատագրական էր»:
--00--ՍՊ