2023 թվականի ընթացքում Արմավիրի մարզում հայտնաբերվել է ավազի ապօրինի արդյունահանման 20 դեպք

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

411492797_767252352098455_197889254541007308_n

2023 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից ձեռնարկված համալիր կանխարգելիչ միջոցառումների արդյունքում Արմավիրի մարզում հայտնաբերվել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանման 20 դեպք։

Արձանագրված 20 դեպքից 18-ը հայտնաբերվել է Մեծամոր խոշորացված համայնքում։ Բոլոր դեպքերում ապօրինի արդյունահանումն իրականացվել է գյուղատնտեսական նշանակության հողերում։

Արձանագրվել է ավազակոպճային խառնուրդի ընդհանուր ծավալով 736,253խմ ապօրինի արդյունահանում, շրջակա միջավայրին հասցվել է 125.188.302 ՀՀ դրամի չափով վնաս:

Հայտնաբերված դեպքերից 17-ի վերաբերյալ Տեսչական մարմնում կազմված նյութերը փոխանցվել են Քննչական կոմիտե, որոնց հիմքով հարուցվել են քրեական վարույթներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի հատկանիշներով։ Մյուս 3 դեպքերով կազմված նյութերն ուղարկվել են Պետական եկամուտների կոմիտե։

Ապօրինի ընդերքօգտագործման կանխարգելման ուղղությամբ Պետական եկամուտների կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության հետ իրականացվող միջոցառումները կրում են շարունակական բնույթ։

--00—ՅՄ