ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Եվրոպական խորհուրդը և Եվրախորհրդարանը համաձայնություն են ձեռք բերել ԵՄ միգրացիոն համակարգի բարեփոխման հիմնական քաղաքական տարրերի շուրջ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Եվրոպական խորհրդի տարածած մամուլի հաղորդագրությունը։
«Խորհրդում Իսպանիայի նախագահությունը և Եվրախորհրդարանը համաձայնության են եկել հինգ առանցքային կանոնների հիմնական քաղաքական տարրերի շուրջ, որոնք հանգամանորեն կվերանայեն ԵՄ իրավական բազան՝ կապված ապաստանի տրամադրման և միգրացիայի հետ», - նշված է հաղորդագրության մեջ:
Փաստաթղթում պարզաբանվում է, որ համաձայնեցված հինգ օրենքները վերաբերում են ապաստանի տրամադրման և միգրացիայի կառավարման բոլոր փուլերին՝ սկսած ԵՄ ժամանելուն պես անօրինական միգրանտների ստուգումից, կենսաչափական տվյալների հավաքումից, ապաստանի դիմումների ներկայացման և մշակման ընթացակարգերից մինչև կանոնների մշակում, թե ո՛ր անդամ պետությունն է պատասխանատվություն կրում ապաստանի դիմումի քննարկման համար, ինչպես նաև անդամ պետությունների միջև համագործակցությունն ու համերաշխությունը և ճգնաժամային իրավիճակների լուծման միջոցները, ներառյալ՝ միգրանտներին որպես գործիք օգտագործելու դեպքերը։
Քաղաքական համաձայնությունից հետո եվրոպական կառույցները պետք է ձեռնամուխ լինեն տեխնիկական աշխատանքին։ Այնուհետև ձեռք բերված համաձայնությունը կներկայացվի Եվրոպական խորհրդի պաշտոնական հաստատմանը, ինչից հետո կմտնի ուժի մեջ:
--00--ԼՀ