Արմեն Աշոտյանը միանշանակ քաղբանտարկյալ է, թույլ չենք տա՝ վիշապ սպանողին վիշապ դառնալ. Զուրաբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

Անցել է վեցը տարի, Փաշինյանի հետ միասին ՀԱԿ-ում բազմաթիվ ելույթներ ենք ունեցել համակարգված կոռուպցիայի մասին, հայտնել ենք հավաստի տեղեկություններ և անուններ, սակայն այդ գործերից որևէ մեկը հանգրվանի չի հասել։ Այսինքն, այսօր կալանքի տակ է Արմեն Աշոտյանը, մարդ, ով ի տարբերություն իրական թալանչիների ավելի շատ զբաղված էր քաղաքական գործունեությամբ՝ աչքի ընկնելով իշխանությունների խիստ քննադատությամբ։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը։

Հիշեցնենք, որ այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը։

«Դատարանում իմ ելույթի ժամանակ շեշտել եմ՝ քաղաքական առումով մենք անհաշտ հակառակորդներ ենք, բայց դա չի նշանակում, որ մենք թույլ կտանք վիշապ սպանողին դառնալ վիշապ, այսինքն, չպետք է թույլ տանք, որ էլեմենտար նորմերը խախտվեն»,-ասաց նա՝ նշելով, որ Աշոտյանի վերաբերյալ այս գործը պայթելու է։

Զուրաբյանն ընդգծեց, որ Արմեն Աշոտյանը միանշանակ քաղբանտարկյալ է․ «Մենք հասկացել ենք նաև, որ Մամիկոն Ասլանյանի գործն էլ պատահականություն չէր, սա համակարգված գրոհ է ժողովրդավարական ինստիտուտների վրա, ինչի արդյունքում տեսնում ենք, որ իշխանությունը իրավապահ համակարգը օգտագործում է ուժեղանալու, հակառակորդներին լռեցնելու և ոչնչացնելու համար»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ