ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
«Հետք»-ը գրում է․ «2024 թվականի փետրվարի 23-ին Վաշինգտոնը հայտարարեց հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթի ներդրման մասին։ Փաթեթում ներառված են ավելի քան 500 ֆիզիկական և իրավաբանական անձինք։ Հատկանշական է, որ այս փաթեթի ընդունումը պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկի երկրորդ տարով և ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվամբ։
Սահմանափակումները համատեղ ներդրել են Ֆինանսների նախարարությունը, Առևտրի նախարարությունը և ԱՄՆ պետքարտուղարությունը։
Նավալնիի մահվան կապակցությամբ Պետդեպարտամենտը սահմանափակումներ է մտցրել «ռուսական կառավարության երեք պաշտոնյաների մասով»։
ԱՄՆ գանձապետարանն ընդգծել է, որ սահմանափակումները վերաբերում են ռուսական ֆինանսական հատվածի ընկերություններին, Եվրոպայի, Արևելյան և Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի այն ընկերություններին, որոնք օգնում են շրջանցել պատժամիջոցների ռեժիմը: Սահմանափակումների ցուցակում են հայտնվել նաեւ ռուսական ռազմարդյունաբերությանն առնչվող հարյուրավոր ընկերություններ:
Պատժամիջոցներով ԱՄՆ-ն սահմանափակում է նշված ընկերությունների և անձանց մուտքը ԱՄՆ, ֆինանսական և այլ տարատեսակ գործարքները, տնտեսական հարաբերությունները, առևտրաշրջանառությունը և այլն։ Այլ խոսքով՝ «սառեցնում են» կապերը նշված ընկերությունների և անձանց հետ՝ փորձելով սահմանափակել նրանց գործունեությունը, ռուսական ռազմարդյունաբերությանը որևէ կերպ աջակցելու հնարավորությունը և տնտեսապես հարվածել Ռուսաստանին»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ