3 ավիաաղետ, 6 զոհ՝ վերջին 6 տարում. ի՞նչ ընթացքում են քրեական վարույթները. Hetq.am

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

գֆ

 

2018-2024 թթ. Հայաստանի տարածքում գրանցվել է 3 ավիապատահար, որոնց հետեւանքով 6 մարդ է զոհվել (խոսքը խաղաղ պայմաններում գրանցված պատահարների մասին է): Զոհերից 4-ը եղել են ՀՀ, 2-ը՝ ՌԴ քաղաքացիներ: ՀՀ քաղաքացիները զինծառայողներ էին, ռազմական օդաչուներ, իսկ ռուսաստանցիները՝ քաղաքացիական օդաչուներ:  Այս մասին հայտնում է Hetq.am-ը։

«Սու-25»-ի աղետի քրգործը կարճվել է

Հիշեցնենք, որ 2018 թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ օդուժի «Սու-25ՈւԲԿ» ինքնաթիռը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք կատարելու նպատակով առավոտյան 10:06-ին Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դուրս էր եկել թռիչքային երթուղի, սակայն արդեն 10:20-ի սահմաններում կապն օդանավի հետ կորել էր: Մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում Քարաբերդ գյուղի հարեւանությամբ հայտնաբերվել էին կործանված ինքնաթիռի մնացորդները: Օդաչուները՝ փոխգնդապետ, 1-ին կարգի օդաչու Արմեն Սլավիկի Բաբայանը (1974 թ.) եւ մայոր, 3-րդ կարգի օդաչու Մովսես Գեւորգի Մանուկյանը (1987 թ.), զոհվել էին: 

 

Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնները խախտելու հոդվածով (խոսքը 2003 թ. ընդունված Քրեական օրենսգրքի մասին է): 

ՔՕ 378 հոդված, մաս 2.

Ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման այլ կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ, պատժվում է ազատազրկմամբ՝ 4-10 տարի ժամկետով:

Գործի քննության ընթացքում նշանակվել էին մի շարք փորձաքննություններ, որոնցից դատագենետիկական փորձաքննությամբ հաստատվել էր դեպքի վայրում հայտնաբերված մարմնի մասերի պատկանելությունը օդաչուներ Արմեն Բաբայանին եւ Մովսես Մանուկյանին: Դատանյութագիտական փորձաքննությունն էլ ցույց էր տվել, որ «Սու-25»-ի կիրառած վառելիքը համապատասխանում է ռեակտիվ շարժիչի վառելիքին ներկայացվող պահանջներին: Իրականացվել էին այլ փորձաքննություններ եւս: 

Քննչական կոմիտեից տեղեկացել ենք, որ աղետից շուրջ մեկ տարի անց՝ 2019-ի դեկտեմբերի 25-ին, քրգործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով: 

«B55»-ի աղետի մասնագիտական քննությունն ավարտվել է, իսկ քրեական վարույթը շարունակվում է

2022 թ. դեկտեմբերի 1-ին Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի մոտ՝ ավազի հանքի տարածքում, կործանվեց Սլովակիայում գրանցված «Beechcraft 95-B55 Baron» տիպի օդանավը, որը Երեւանից թռչում էր Աստրախան, զոհվեցին ռուսաստանցի 2 օդաչուները՝ Ալեքսեյ Պրոցենկոն (1979 թ.) ու Վիտալի Ռոգատկինը (1983 թ.): 

 

Քննչական կոմիտեն քրեական վարույթ էր նախաձեռնել օդային տրանսպորտի երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ երթեւեկության կամ շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելու հոդվածով: 

ՔՕ 341 հոդված, մաս 3.

Օդային տրանսպորտի երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջ կամ երթեւեկության կամ շահագործման անվտանգությունն ապահովող կանոն խախտելն այն անձի կողմից, որը, ըստ պայմանագրի կամ ծառայողական դիրքի, պարտավոր էր պահպանել այդ պահանջը կամ կանոնը, եթե այդ արարքը անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ, պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով:

Դեկտեմբերի 1-ին Միջպետական ավիացիոն կոմիտեն (ՄԱԿ) Հայաստանի կառավարության խնդրանքով ձեւավորել էր ավիացիոն պատահարի հետաքննության հանձնաժողով: Վերջինիս իրականացրած մասնագիտական քննության վերջնական արդյունքների մասին «Հետքը» գրել է

Իսկ ահա քրեական վարույթով նախաքննությունը մինչեւ հիմա շարունակվում է: Նախաքննության ընթացքում նշանակվել էին փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դատագենետիկական: 

ՔԿ-ի տեղեկացմամբ՝ աղետի հանգամանքները, պատճառները պարզելու նպատակով իրականացվում են համապատասխան վարութային եւ ապացուցողական գործողություններ: Նշանակվել է համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը դեռեւս չի ստացվել: Մինչ այս պահը քրեական վարույթով որեւէ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ, այսինքն՝ չկան մեղադրյալներ:

 

--00—ԱՊ