ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Այսօր ակադեմիկոս, գրականագետ, թատերագետ, շեքսպիրագետ, Ազգային Ակադեմիայում Արվեստի ինստիտուտի և աշխարհում չորրորդ Շեքսպիրյան կենտրոնի հիմնադիր Ռուբեն Զարյանի ծննդյան 115 ամյակն է։
«Նրա կյանքը մի խոր խոհական, մի նուրբ քնարական բանաստեղծություն է, մեր մանրաքանդակներին բնորոշ գծերի նման, իրար հաջորդող և իրար չկրկնող պատկերներով մի երկար բանաստեղծություն, որովհետև նրա ողջ կյանքը որոնում է և ստեղծագործություն տաք, հուզաթաթավ ու թրթըռուն, իր բախումներով, անկրկնելի գյուտերով ու գաղտնիքներով, որոնք սակայն բոլորինս են, քանի որ այդ ամբողջ ընթացքի մեջ մեզ համար կա մի մտերիմ գիծ, միշտ նվիրումի պատրաստ մոտիկ հարազատի հատկանիշ։
Նրա բազմաճյուղ տաղանդի բոլոր շնորհները, իր բոլոր հուզումները, իր բոլոր թռիչքներն ու թևածումները շատ մոտիկից կապված են յուրաքանչյուրիս կյանքի հետ, տաք֊տաք ներծծված են մեր առօրեայի մեջ։ Նրանք մեզ հետ են, մեր շուրջը և մեզ համար։
Սա Ռուբեն Զարյանն է, բոլորիս մտերիմը և հարազատը։
Կան մարդիկ, որոնք այրվելով, կայծկլտալով ու ճառագայթելով են անցնում իրենց կյանքի ուղին և իրենց այրումի լույսով ողողում են շրջապատը, փոխանցում են մոտիկներին և նրանց էլ առած գնում դեպի հեռուն։ Այդպիսի մարդկանցից է Ռուբենը։ Միշտ բարձր բանաստեղծական տրամադրությամբ, գերզգայուն ռոմանտիկ խառնվածքով Ռուբենը իմ կյանքի առաջին և ամենաթանկ ուղեկիցներից է։ Եվ ոչ միայն իմ, այլև գրեթե իմ բոլոր ընկերների։ Երբ զգացել ենք նրա խորհրդի կամ օգնության կարիքը, նա միշտ եղել է մեզ հետ, մեր կողքին հասկացող հարազատի նվիրումով։
Իմ կյանքից պակաս կլիներ շատ բան, եթե նրա դժվար ճանապարհին հանդիպած չլինեի Ռուբենին, եթե այդ զարմանալի անձնվեր, որոնող, ստեղծող ու շռայլ կյանքը չընթանար մեզանից այդքան մոտիկ, եթե նա չլիներ այդքան տաքսիրտ բռնկումներով ու հաղորդական։ Համոզված եմ, որ այսպես մտածում են շատերը ամեն մեկը նկատի առնելով իր սեփական կյանքն ու աշխատանքը»։
«Ռուբենը, Իր Խառնվածքն Ու Իր Տունը»
Մարո Մարգարյան
Բանաստեղծուհի
«Ամեն մարդ, որ աշխարհ է գալիս, դեռ այբուբենը չսովորած, մի պարտամուրհակի տակ է դնում իր ստորագրությունը։ Ու ամբողջ կյանքում մարում է այդ պարտքը։ Պարտք բնության առաջ, պարտք ծնողների առաջ, պարտք ուսուցիչների առաջ, պարտք զավակների առաջ, պարտք ընկերների առաջ, պարտք հասարակության առաջ, պարտք հայրենիքի առաջ։ Վերջապես պարտք պատմության առաջ, պարտք մարդկության առաջ։
Պարտքի այս գիտակցությունը մարդու ամենաբարձր գիտակցությունն է։ Մարել պարտքը նշանակում է գործել, աշխատել, միջամտել կյանքին, խառնվել նրա ընթացքին, ազդել այդ ընթացքի վրա, ապա կյանքում ինչ֊որ բան լավացնել, մարդուն ազնվացնել, մարդուն բարձրացնել իր իսկ աչքում, այնպես անել, որ նա հասկանա, որ եթե բնությունը մի հրաշք է ստեղծել, ապա դա մարդն է, իսկ քանի որ բնության մեջ հրաշք երևույթները շատ են, ապա հրաշքների հրաշքը մարդն է։
Եթե հարցնեն, թե կյանքում մեծագույն բավականությունը որն է, կասեմ աշխատանքը։ Աշխատելիս մարդն Աստծուց մի բան է առնում վրան։ Չէ որ նա ստեղծում ու աշխարհ է բերում բան, որ մինչ այդ չկար, ու հիմա կա։ Կարող է աշխարհ բերվածն աննշան բան լինել, բայց կարող է և հանճարի պոռթկում լինել։ Պայտը պատրաստող դարբնի կողքին ապրել է Լեոնարդոն։ Որտե՛ղ պայտը, որտե՛ղ «Մոննա Լիզան»։ Արժեքները տարբեր են, բայց երկուսն էլ ստեղծում են։ Հետո, երբ գործը վերջացնում է, հասկանում է, որ իր պատրաստածը պայտ է և ոչ ավելի, բազմահազար պայտերից մեկը, իսկ Մոննա Լիզան ընդամենը մի անգամ կարող է ժպտալ և թողնել մարդկությանը այդ ժպիտը, որպես հավիտենական պարգև։ Ուզում եմ ասել, որ դարբնի մուրճի տակից դուրս եկածը համեմատելի չէ արվեստի գլուխգործոցների հետ, բայց նա էլ իր արածն անում է և այն բարի ցանկությամբ, որ իր պատրաստած պայտը դիմացկուն լինի, նժույգի ոտքին հարմար ու տանի նրան, թռցնի...
Գրիչ բռնողները իրարից տարբեր են լինում, բայց այդ գրողները աշխատելու պահին, եթե չհավատան իրենց գրել չեն կարողանա։ Եթե չհավատան, որ իրենց գրչի տակից դուրս եկածը պետք է մարդկանց չեն կարողանա գրել։ Ավելին, եթե նրանք համոզված լինեն, թե ընթերցողը սպասում է իրենց գրածին, այն էլ անհամբեր, գրելու վստահություն և ուժ չեն ունենա։ Հետո, գրելուց հետո և մանավանդ գիրքը լույս տեսնելուց հետո են միայն հասկանում, որ իրենց գրածն այն չէ, ինչ զգում և կարծում էին էջ էջի հետևից լցնելու ժամերին, բայց աշխատանքի այդ պահը աստվածային է հանճարի և միջակ գրողի համար գրեթե հավասարապես։ Ու դրա համար է թվում ինձ, թե աշխատանքը հոգեկան անհավասարելի բովանդակություն է ամենքի համար»։
Ռուբեն Զարյան, «Մայրամուտից Առաջ», հատոր II, գլուխ «Մտորում Նոր Տարուց Առաջ»
--00—ԼՀ