Արդյո՞ք կստորագրվի հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության համաձայնագիր․ քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

ա

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․

 «Հայաստանի ԱԳՆ հայտարարել է, որ հունվարի 14-15-ին արտգործնախարար Միրզոյանը մեկնում է Վաշինգտոն, որտեղ կհանդիպի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Բլինքենը թերեւս մեկ շաբաթ անց այլեւս չի լինի պետքարտուղար, քանի որ հունվարի 20-ին կլինի ընտրված նախագահ Տրամպի պաշտոնամուտը:

Միրզոյանի ամերիկյան այցի ազդարարված «ինտրիգը» այն է, թե արդյո՞ք կստորագրվի հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության համաձայնագիր կամ հռչակագիր: Մի քանի օր առաջ այդ կապակցությամբ խոսակցությունների եւ տեղեկությունների վերաբերյալ հարցին Միրզոյանը պատասխանել էր, որ հնարավոր է այդպիսի բան:

ԱՄՆ պետքարտուղարությունը նույն օրերին ասել էր, որ այդ կապակցությամբ հայտնելու նորություն չունի:

Կլինի՞ Վաշինգտոնում որեւէ փաստաթղթի՝ համաձայնագրի կամ հռչակագրի ստորագրում: Եթե այն հաստատապես լինելու է, ինչու՞ ԱԳՆ հաղորդագրությունը չի ազդարարում այդ մասին: Դա նշանակու՞մ է, որ այդուամենայնիվ կան հարցեր: Մյուս կողմից, եթե չի լինելու որեւէ այդպիսի փաստաթղթի ստորագրում, ո՞րն է Արարատ Միրզոյանի այցի նպատակը: Հազիվ թե ամերիկյան կողմը, Էնթոնի Բլինքենը այնքան ազատ լինեին, որ պարզապես կայանար հանդիպում Հայաստանի արտգործնախարարի հետ: Բայց, դարձյալ, եթե կա ստորագրման հաստատ որոշում, ինչու՞ դրա մասին որեւէ հաստատ տեղեկատվություն չկա ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Բոլոր դեպքերում, առաջիկա առավելագույնը երկու օրերին «ինտրիգը» կհանգուցալուծվի, բայց բուն իրադարձությունը գնահատելու համար պետք կլինի նախ՝ հասկանալ,, թե ինչ կարգավիճակ կունենա փաստաթուղթը, ինչ բնույթի բովանդակություն՝ զուտ մտադրությունների եւ առարկայական արձանագրումների հարաբերակցության տեսանկյունից: Եվ իհարկե առավել էականը, թե այդ փաստաթղթին ինչ նշանակություն կտա ԱՄՆ նոր վարչակազմը, հետեւաբար, այն «կփոշոտվի» դարակներում, թե՞ կշարունակվի աշխատանքը:

Բոլոր դեպքերում, հայ-ամերիկյան փոխհարաբերության մակարդակի բարձրացումն անշուշտ կարեւոր հանգրվան է: Մյուս կողմից, շատ կարեւոր է, որպեսզի որեւէ ուղղությամբ հարաբերության խորացումը Հայաստանը չկառուցի որեւէ այլ ուղղությամբ հակադրության տրամաբանությամբ: Իսկ այդ առումով մեզանում կան խնդիրներ, որոնք տալիս են խորհելու առիթ:

Եվ այստեղ բանը բոլորովին միայն այսպես ասած Արեւմուտք-Ռուսաստան «ավանդական» դիտարկումը չէ, որովհետեւ կա Իրան, կան այլ խաղացողներ՝ ռեգիոնալ մոտ եւ որոշակի հեռու, սակայն օրգանական կապերով ու շահերով խաղացողներ:

Այլ կերպ ասած, կառուցել հեռուն՝ չկտրվելով մոտիկից: Սա պետք է լինի Հայաստանի բանաձեւը, որովհետեւ վերջին հաշվով ծանրակշիռն այն է, ինչ կա այսպես ասած ելման կամ հենման կետում՝ մեր ռեգիոնում եւ դրա օրգանական ավելի մեծ «ավազանում»: Դրա հանդեպ հեռվից խաղացողների շահերը եւ մոտեցումները շատ ավելի ենթակա են փոփոխականության, քան անմիջականորեն ռեգիոնալ եւ «ավազանային» խաղացողներինը:

Եթե մենք հեռու խաղացողներին հետ հարաբերությունը կառուցենք հաշվի առնելով այդ հաստատուն հանգամանքը, ապա կառուցվող հարաբերությունը դրանից միմիայն կշահի: Այլապես, մենք կստանանք տեղեկատվա-քարոզչական էֆեկտ, որը կլինի առավելագույն արդյունքը»: 

 

--00—ՍՊ