Այսօր առավել, քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

Снимок

Նիկոլա Ազնավուրի հայտարարությունը Ռուբեն Վարդանյանի դատավարության վերաբերյալ.

«Ինձ համար մեծ պատիվ է տարիներ շարունակ ճանաչել Ռուբեն Վարդանյանին։ Խոր հիացմունքով եմ խոսում մի մարդու մասին, ով մշտապես աչքի է ընկել որպես տեսլական ունեցող գործիչ և նվիրյալ հայրենասեր։ 

Բարեգործական նախաձեռնությունների և կրթական ծրագրերի իրականացմամբ Ռուբենն ապացուցել է, որ իրական հաջողությունը մարդկանց կյանքի բարելավումն է և ստեղծած արժեքները։ «Ավրորա» մրցանակի հիմնումը վկայում է կարեկցանքի, մարդկային տոկունության և հույսի ուժի նկատմամբ նրա խոր հավատի մասին։

 Այսօր մենք բախվում ենք ցավալի իրականության. Ռուբենն արդեն 471 օր կալանքի տակ է գտնվում Ադրբեջանում։ Ապօրինի այս գործողությունները, որոնք ունեն բացառապես քաղաքական շարժառիթ, արդարության և մարդու իրավունքների ոտնահարում են։

Ռուբեն Վարդանյանի նվիրվածությունը հայ ժողովրդին ու համամարդկային արժեքներին իսկապես բացառիկ է։ Նա ազնվության և կարեկցանքի մարմնացում  է, որակներ, որոնք ոգեշնչում են։ 

Հպարտ եմ Ռուբենին իմ ընկերն անվանել և անհամբերությամբ սպասում եմ այն օրվան, երբ նա կկարողանա շարունակել աշխարհը դեպի լավը փոխող նախաձեռնությունների իրագործումը: 

Այսօր առավել, քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին։ Նրա քաջությունը և նվիրումը ոչ միայն մեր աջակցությանն են արժանի, այլև մեր միասնական ջանքն են պահանջում`ապահովելու նրա ազատությունն ու պաշտպանելու այն արժեքները, որոնք նա մարմնավորում է»:  


--00—ԼՀ