ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News
«Փաստ» օրաթերթը գրում է. «Եկամուտների հայտարարագրման գործընթացն արդեն իսկ տապալված է։ Սա ոչ միայն մասնագետների, այլև բազմաթիվ քաղաքացիների կարծիքն է: Նաև... փաստերի: Այս գործընթացը ներկայացվում է որպես ստվերի դեմ պայքարի ու հարկային համընդհանուր դաշտ ստեղծելու համատեքստում, որն իբր նպաստելու է պետբյուջե մուտքագրվող եկամուտների ավելացմանը։
Իհարկե, որոշ զարգացած երկրներում եկամուտների համընդհանուր հայտարարագրման պրակտիկան գործում է ու որոշակիորեն իրեն արդարացնում է, սակայն դա չի նշանակում, որ դրսում գործող համակարգը պետք է «քոփի-փեսթ» անել ու կուրորեն ներդնել Հայաստանում։ Իհարկե, շատ լավ կլիներ, որ հասնեինք այնպիսի զարգացման մակարդակի, որ համընդհանուր հայտարարագրման համակարգը Հայաստանում իսկապես դրական իմաստով եղանակ փոխեր, բայց բացարձակ անպատրաստ վիճակում, առավել ևս, որ նույն «պատճառաբանությունների» դաշտում ահռելի անելիքներ կան, ներդնել այսպիսի համակարգ, նշանակում է պարզապես ի սկզբանե ձախողել այն, ինչը և եղավ։ Նախ՝ համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը պահանջում է նոր տեխնիկական և վարչական ռեսուրսներ, ինչն ավելացնում է պետական ծախսերը։ Ու, ընդհանրապես, լուրջ խնդիր է ստեղծվում այն դեպքում, երբ համակարգը թերի է ու լրացուցիչ բյուրոկրատական քաշքշուկների պատճառ է դառնում, ինչի արդյունքում էլ ընդհանուր գործընթացը կիսատպռատ տեսք է ստանում։ Մյուս կողմից՝ խոշոր «մամոնտներին» թողած՝ «մրջյունների» հետևից են ընկել։ Փաստացի ստացվում է, որ մեծ ստվերային տնտեսությունների միլիոններից ուշադրությունը կենտրոնացվելու է մի կեպ ծայրը ծայրին հասցնող քաղաքացիների կամ թոշակառուների մի քանի հազար դրամների վրա։
Հիմա՝ ըստ հերթականության: ՀՀ պետական եկամուտների կոմիտեից անցած տարի մեր թերթի հարցմանն ուղարկված պատասխանում նշվում է, որ, նախնական գնահատմամբ, 2023 թվականի արդյունքներով պոտենցիալ հայտարարատու անձանց թվաքանակը գնահատվել է շուրջ 120 հազար մարդ, սակայն 2024 թ. հոկտեմբերի վերջի դրությամբ հայտարարագիր է ներկայացրել ընդամենը նշված քաղաքացիների մոտ կեսը՝ 57 930 անձ, ու իրավախախտումների վերաբերյալ կայացվել է թվով 3727 նախազգուշացման որոշում։ Հիշեցնենք, սա այն դեպքում, որ հայտարարագրման վերջնաժամկետը հուլիսի 22-ն էր (չնայած պետք է մայիսի 1-ը լիներ, բայց համակարգը պատրաստ չէր): Ու այդպես էլ պարզ չդարձավ, թե երբ նախատեսված անձանց մոտ կեսը հայտարարագիր չի ներկայացրել, ինչ է տեղի ունեցել, արդյոք տուգանե՞լ են այդ մարդկանց, թե՞ միայն նախազգուշացնելով են բավարարվել, այն էլ՝ մի փոքր մասին։ Ստացվում է, որ 120 հազար մարդու կողմից հայտարարագրերի ներկայացումը չեն կարողացել ապահովել, արդեն այս տարի անցում են կատարելու ևս 700 հազար քաղաքացու հայտարարագրմանը։ Լավ, ենթադրենք՝ այդ 700 (կամ՝ 800) հազար քաղաքացիներից 200 հազարը հայտարարագիր ներկայացրեց, մնացյալը չներկայացրեց, առավել ևս, որ արդեն իսկ շատերը սոցցանցերում հայտարարում են հայտարարագիր չներկայացնելու որոշման մասին։ Ի՞նչ են անելու այդ 500 կամ 600 հազար մարդկանց զգուշացնելուց զատ՝ տուգանելո՞ւ են, կախելո՞ւ են...
Փաստացի, այս իշխանությունները երկիրը դարձրել են փորձադաշտ, բայց փաստն այն է, որ այսպիսի նախաձեռնությունները, որպես կանոն, իրենց «ոտքին են գցում», իսկ արդյունքում ցավում է ոչ թե իրենց «ոտքը», այլ մեր քաղաքացիների:»
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
--00—ԱՊ