ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որը վերաբերում է պարգևատրական զենքերի իրավական կարգավորման խստացմանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծի հիմնավորման համաձայն՝ հրազենի գործադրմամբ հանցագործությունները մեծ հանրային վտանգ են ներկայացնում, իսկ ոլորտի վերահսկողության խստացումը հանրային անվտանգության բարձրացման կարևոր նախապայման է։
Այս փոփոխությամբ ՆԳՆ-ն նպատակ ունի ստանդարտացնել պարգևատրական զենքերի հատկացման գործընթացը, բացառելով երկակի մոտեցումները, ապահովել հանրային անվտանգության կանխատեսելի մակարդակ, հստակեցնել պարգևատրական զենքերի կարգավիճակը։
Մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը բոլոր պարգևատրական զենքի տերերը պետք է իրենց զենքերը ներկայացնեն Ոստիկանություն։ Այս քայլը չի առաջացնի որևէ բացասական հետևանք, այդ թվում՝ քրեաիրավական։
Պարգևատրական զենքերը կթողնվեն միայն այն անձանց մոտ, որոնք կբավարարեն նոր որոշված չափանիշներին։
Պարգևատրման գործընթացում կպահպանվի ստանդարտային միակ մեխանիզմը՝ ՀՀ վարչապետի որոշմամբ պարգևատրման իրավունքը։
Ոստիկանությանը ներկայացված զենքերը հնարավոր կլինի օգտագործել գիտակրթական կամ թանգարանային ցուցադրության նպատակներով։
Նախագծի ընդունմամբ պետական վերահսկողությունը կուժեղանա, ինչը կնպաստի ապօրինի շրջանառության կանխարգելմանը և հանրային անվտանգության բարձրացմանը։
--00--ԱՀ