Կարեն Շաբոյանը Գործադիր կոմիտեի նիստերին անհարգելի բացակայության պատճառով պետք է հեռացվեր․ ՀՖՖ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

Capture

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արձագանքել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ Կարեն Շաբոյանը հայտարարությանը պաշտոնից հրաժարվելու մասին։

«ՀՖՖ Գործկոմի անդամ Կարեն Շաբոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ հրաժարվում է ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամությունից:

Տեղեկացնենք, որ Կարեն Շաբոյանի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան մանիպուլյացիա, քանի որ, Գործադիր կոմիտեի նիստերին անհարգելի բացակայության պատճառով, ՀՖՖ կանոնադրության 37-րդ հոդվածի կետ 6-ի ուժով վերջինս ավտոմատ կերպով պետք է հեռացվեր ՀՖՖ Գործադիր կոմիտեից:

Չցանկանալով սրել իրավիճակը՝ ՀՖՖ ղեկավարության կողմից դեռևս օրեր առաջ Կարեն Շաբոյանին առաջարկվել էր սեփական դիմումի համաձայն՝ հրաժարվել ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամությունից, ինչին Շաբոյանը պատասխանել էր, որ մոտ օրերս կուղարկի ծանուցումը:

ՀՖՖ Գործադիր կոմիտեի առաջիկա նիստում այսպես թե այնպես քննարկվելու էր ՀՖՖ Գործադիր կոմիտեում Կարեն Շաբոյանի լիազորությունները դադարեցնելու հարցը:

Կարեն Շաբոյանը, սակայն, ընտրեց մանիպուլյացիայի ճանապարհը՝ հայտարարելով ՀՖՖ Գործկոմի անդամությունից հրաժարվելու մասին հենց այս ընթացքում՝ զուգահեռաբար իր հայտարարության մեջ փաստացի արդարացնելով կարգազանց երկրպագուների խուլիգանական պահվածքը և նրանց կողմից հայկական ֆուտբոլին մեծապես ծառայող մարզադաշտի գույքի վնասումը»,- նշվում է ՀՖՖ-ի հայտարարությունում:

--00—ՅՄ