ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
Մարտի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերին։
Նախարար Միրզոյանը շնորհավորել է Աստրիդ Շումեյքերին Հռոմում Կոնվեցիայի կողմերի 16-րդ հանդիպման (COP16) հաջող անցկացման կապակցությամբ, որին ՀՀ պատվիրակությունը ևս ակտիվ ներգրավված էր: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանի համար մեծ պատասխանատվություն է հյուրընկալելու հաջորդ՝ COP17 համաժողովը՝ տեղեկացնելով, որ արդեն իսկ ձեռնարկվել են մի շարք քայլեր այն հաջողությամբ անցկացնելու համար:
Արարատ Միրզոյանը ներկայացրել է իրականացվող և ընթացիկ աշխատանքներն՝ ընդգծելով, որ դրանց համակարգումն իրականացվում է ՀՀ կառավարության մակարդակով՝ ներգրավելով շահագրգիռ բոլոր շրջանակներին: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է համաժողովի արդյունավետ և ներառական կազմակերպումը և այդ գործում միջազգային գործընկերների, այդ թվում նաև՝ Կոնվենցիայի քարտուղարության հետ սերտ փոխգործակցության կարևորությունը:
Աստրիդ Շումեյքերը նշել է. «Մեզ համար շատ կարևոր է տեսնել առաջիկա երկու տարիների ընթացքում Հայաստանի՝ որպես կենսաբազմազանության առաջամարտիկ առաջխաղացումը համաշխարհային ասպարեզում: Այսօրվանից մենք մեկ թիմ ենք, պետք է ձեռք ձեռքի տված աշխատենք, որպեսզի COP17-ն իրապես հաջողություն ունենա: Մենք շատ լավատեսորեն ենք տրամադրված, որ այն կլինի հաջողված համաժողով, ինչպես նաև աշխարհի տարբեր ծայրերից ժամանող մարդկանց համար հրաշալի հնարավորություն՝ բացահայտելու Հայաստանը և ծանոթանալու ձեր մշակույթին»:
Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է COP17-ի առանձնահատուկ կարևորությունը՝ հաշվի առնելով, որ այն կլինի Կոնվենցիայի ներքո մշակված Կյունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության համաշխարհային շրջանակի առաջին գլոբալ վերանայումը:
Զրուցակիցները քննարկել են COP17-ի օրակարգի, այդ թվում՝ բովանդակային առաջնահերությունների ձևավորման, ներառականության ապահովման, ինչպես նաև հանրային իրազեկվածության բարձրացման հարցեր:
--00--ԱՀ