Մակրոնը հայտարարել է, որ Թրամփին հորդորել է փոխել դիրքորոշումն Ուկրաինայում հրադադարի հարցում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

Մակրոն
 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վաշինգտոն այցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է վերանայել դիրքորոշումն Ուկրաինայում անհապաղ հրադադարի հարցում և այն տարածել միայն օդում և ծովում իրականացվող գործողությունների վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է իտալական Foglio թերթին տված հարցազրույցում: 

«Այսինքն՝ չձգտել անհապաղ հրադադարի, այլ ավելի շուտ՝ օդի, ծովի և էներգետիկ ենթակառուցվածքի մակարդակով հրադադարի», - հայտարարել է Մակրոնը՝ պնդելով, որ նման ռեժիմն ավելի հեշտ է վերահսկել։

Մակրոնը կարծում է, որ Ուկրաինայում նման տարբերակով հրադադարը ժամանակ կտա Կիևի անվտանգության երաշխիքները քննարկելու համար։ 

«Դրանք նշանակում են ոչ միայն աջակցություն, որը մենք ցուցաբերում ենք ուկրաինական բանակին, այլ նաև այն, թե ինչ ենք մենք՝ եվրոպացիներս, պատրաստ անել ուկրաինական հողի վրա», - հայտարարել է Ֆրանսիայի ղեկավարը։

Նրա պնդմամբ՝ ամուր երաշխիքների բացակայությունը սպառնալիք կդառնա ինչպես Ուկրաինայի, այնպես էլ եվրոպացիների անվտանգության համար։ 

«Սա եղել է մեր մտահոգությունն ի սկզբանե. մենք խաղաղություն ենք ուզում, բայց ոչ ամեն գնով։ Մենք խաղաղություն չենք ուզում առանց ամուր երաշխիքների», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։

Մակրոնը Le Figaro-ին տված հարցազրույցում ևս հայտնել էր, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան առաջարկում են Ուկրաինայում սահմանել մարտական գործողությունների մորատորիում մեկ ամսով։

--00--ԱՀ