ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գավառ համայնքի նախկին ղեկավարի կողմից մի խումբ անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը: Հայտնում են ՔԿ-ից:
Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Գավառ համայնքի նախկին ղեկավարը ավագանու 8 անդամների և իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ս.Դ.-ի, Բ.Բ.-ի և ընկերության փորձագետ Դ.Հ.-ի օժանդակությամբ համայնքին պատկանող 29 մլն 350 հզր ՀՀ դրամ արժողության բազմաբնակարան շենքը 2007 թվականի նոյեմբերի 22-ին շուկայականից էական ցածր գնով՝ 1 մլն 644 հզր 500 ՀՀ դրամով վաճառել է Բ.Բ.-ին, ինչի հետևանքով համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 27 մլն 705 հզր 500 ՀՀ դրամի գույքային վնաս:
Մասնավորապես՝ Գավառի նախկին ղեկավարը համայնքային սեփականություն հանդիսացող, իրեն վստահված կիսակառույց բազմաբնակարան շենքը հափշտակելու դիտավորությամբ ընկերության հետ 2007 թվականի հոկտեմբերի 8-ին կնքել է անշարժ գույքի գնման պայմանագիր, որի արդյունքում կազմված եզրակացությամբ հիշյալ շենքը գնահատվել է շուկայականից էական ցածր՝ 1 մլն 406 հզր ՀՀ դրամ այն դեպքում, երբ արդեն իսկ ավագանու մեկ այլ որոշմամբ կանխորոշված է եղել գույքի օտարումը:
Այնուհետև, ավագանու 8 անդամները որոշում են կայացրել համայնքային սեփականություն հանդիսացող կիսակառույց բազմաբնակարան շենքը աճուրդով օտարելու մասին՝ հիմք ընդունելով հիշյալ շենքը գնահատելու և համայնքի հաշվեկշռում գրանցելու նպատակով ընկերության կողմից տրված կեղծ տվյալներ պարունակող գնահատման եզրակացությունը:
Հայտարարված աճուրդին մասնակցել են Գավառ համայնքի նախկին ղեկավարի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ս.Դ.-ն և վերջինիս մորեղբոր որդի Բ.Բ.-ն, ով էլ փաստացի ձևական աճուրդում ճանաչվել է հաղթող՝ անշարժ գույքի համար առաջարկելով 1 մլն 644 հզր 500 ՀՀ դրամ:
Արդյունքում, 2007 թվականի նոյեմբերի 2-ին Գավառ համայնքի նախկին ղեկավարը որոշում է կայացրել բազմաբնակարան շենքը Բ.Բ.-ին օտարելու և օրենքով սահմանված կարգով առուվաճառքի պայմանագիր կնքելու մասին, որից հետո նշված գույքի նկատմամբ գրանցվել է Բ.Բ.-ի սեփականության իրավունքը:
Գավառ համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելը), ավագանու 8 անդամի նկատմամբ՝ 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետերով (վստահված գույքը հափշտակելուն օժանդակելը), ընկերության փորձագետի նկատմամբ՝ 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) և 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելուն օժանդակելը), իսկ գնորդի նկատմամբ՝ 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելուն օժանդակելը), 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (խարդախությունը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (փողերի լվացումը):
Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
--00—ՅՄ