ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N զորամասում նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունը մեկնարկեց ՀՀ օրհներգի հնչյունների ներքո:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ղեկավարությունը՝ հրամանատար, գնդապետ Էդգար Հունանյանի գլխավորությամբ:
Զորամասի շարահրապարակում՝ մարտական դրոշի ներքո, տեղի ունեցավ խորհրդանշական միջոցառման հիմնական արարողակարգային հատվածը՝ երդման հանդիսավոր արարողությունը:
Բարձր գնահատելով հայրենիքի պաշտպանության գործում զինված ուժերի հայրենանվեր առաքելությունը` նորակոչիկ զինծառայողները վստահեցրին, որ եկել են շարունակելու ավագ սերնդի սրբազան գործը և պատրաստ են ամեն գնով պաշտպանել հայրենիքը: Նրանք իրենց հրամանատարների և ծնողների առաջ երդվեցին անմնացորդ նվիրումով, հպարտությամբ և անձնվիրաբար ծառայել հայրենիքին, պատվով պաշտպանել երկրի սահմանները, անվերապահորեն կատարել վերադասի հրամանները:
«Զորակոչվելով Հայոց բանակ` մենք մեր սահմանադրական պարտքն ենք կատարում հայրենիքի առջև: Ծառայության անցնելով Սահմանապահ զորքերում՝ մեզ վրա վերցնում ենք բարձր պատասխանատվություն: Խոստանում ենք լինել ուժի, հուսալիության, ամրության և պահպանության խորհրդանիշ, շուրջօրյա հսկել և անառիկ պահել մեր պետության սահմանները»,- իր խոսքում ասաց նորակոչիկ Ա. Աղազարյանը:
Հանդիսավոր արարողության ընթացքում զինվորական երդում ընդունելու կապակցությամբ ծնողների անունից ելույթ ունեցավ և նորակոչիկներին շնորհավորեց նաև ծնող Գայանե Մանուկյանը, ով իր ելույթում նշեց, որ իրենց զավակները սրբորեն կկատարեն իրենց պարտքը հայրենիքի նկատմամբ:
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը, հիշարժան օրվա կապակցությամբ շնորհավորելով նորակոչիկ զինծառայողներին, նշեց, որ զինվորական երդման ընդունումը հայրենիքի և ընտանիքի նկատմամբ անմնացորդ նվիրումն արտահայտելու անկրկնելի արարողակարգ է և այս պահից է սկսվում իրական ծառայությունը հայրենիքին:
«Հիշեք նաև, որ Սահմանապահ զորքերում ծառայելը պատվաբեր է և միևնույն ժամանակ պարտավորեցնող: Դուք այսօրվանից մուտք եք գործում Սահմանապահ զորքերի մեծ ընտանիք, վերաբերվեք միմյանց եղբայրական սիրով և հարգանքով՝ շարունակելով ձևավորված բարի ավանդույթները»,- իր խոսքում ասաց Է. Հունանյանը:
Նորակոչիկները կատարեցին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի օրհներգը:
Երդման հանդիսավոր արարողությունը եզրափակվեց նվագախմբի ուղեկցությամբ՝ նորակոչիկների շարային քայլերթով։
--00—ՅՄ