Այս պայմանագրի ստորագրումը պետք է դառնա Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների առաջին քայլը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

.

Սենատի Ֆրանսիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դևինը և Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային տեղեկատվական խմբի նախագահ Էթիեն Բլանկը ողջունել են Հայաստանի հանձնառությունը Ադրբեջանի հետ խաղաղ համաձայնության հասնելու հարցում: Նրանք կոչ են արել շուտափույթ ստորագրել պայմանագիրը՝ առաջ մղելու Հարավային Կովկասում կայուն խաղաղ գործընթացը: Այս մասին գրում է 1lurer.am-ը:

«Այս պայմանագրի ստորագրումը պետք է դառնա Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների առաջին քայլը։ Նպատակն է հասնել հարաբերությունների կարգավորման՝ հարգելով երկու պետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», ասվում է հայտարարությունում։

Նշվում է նաև, որ մինչև այս պայմանգրի ստորագրումը Եվրամիության դիտորդական առաքելությունը, որի գործունեությունը երկարաձգվել է մինչև 2027 թվականը, կշարունակի իր աշխատանքը: «Նրա դերը նշանակալի է, քանի որ այն զգալիորեն կրճատել է միջադեպերի թիվը առճակատման բարձր ռիսկ ունեցող տարածքներում»:

Ըստ հայտարարության հեղինակների՝ սույն պայմանագրի ստորագրումը պետք է հանգեցնի Ադրբեջանում ապօրինի պահվող բոլոր բանտարկյալների ազատ արձակմանը և Միջազգային դատարանի 2023 թ. նոյեմբերի 17-ի որոշման արդյունավետ կատարմանը, որով ամրագրվում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգ ու անարգել վերադարձի իրավունքը՝ պահպանելով նրանց իրավունքները։

«Այսօր խոսքը Հարավային Կովկասում խաղաղության հարցի քննարկման մասին է՝ փոխշահավետ համագործակցության հեռանկարներով բաց տարածաշրջանի պայմաններում, որը կխթանի փոխանակումներն ու տարածաշրջանի ժողովուրդների բարգավաճումը», ասվում է հայտարարության մեջ։

--00--ԱՀ