Ո՞ւմ հույսին է ՔՊ-ն մնացել Գյումրիում. «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

Ա

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին քպականներն ինտենսիվ տարածում էին ինչ-որ «սոցիոլոգիական հարցման» տվյալներ՝ ցույց տալու, թե Գյումրիում ՔՊ-ն ընտրությունների առաջատարն է, ավելին՝ բավական բարձր վարկանիշ ունի: Նախընտրական նման «մանևրներն», իհարկե, նորություն չեն. սարքովի կամ հիմնականում սեփական կոնտինգենտի շրջանում անցկացված «սոցհարցումների» տվյալներ հրապարակելով՝ այս կամ այն ուժը փորձում է ընտրողների վրա տպավորություն գործել:

Սակայն, մեր ունեցած տեղեկություններով, իրականությունը Գյումրիում լրիվ հակառակն է. ՔՊ-ի վարկանիշը ողջ հանրապետությունում, այդ թվում՝ Գյումրիում չափազանց ցածր է: Երևի թե դրա մասին է վկայում նաև այն, որ ՔՊ-ն Գյումրի է նետել իր հնարավոր ու անհնար ռեսուրսները, այդ թվում՝ նույնիսկ Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին: Նախօրեին լրատվամիջոցները հրապարակեցին լուսանկարներ, որտեղ երևում է, որ նա ակտիվ մասնակցում է Սարիկ Մինասյանի քարոզարշավին: 

Խոսքը Ավետիք Չալաբյանի դեմ ցուցմունք տված նույն Թոռնիկի մասին է, որը դատարանում կուրծք էր ծեծում, թե իրենք՝ ուսանողները, ուսխորհուրդը, քաղաքական պրոցեսներին չեն խառնվում և այլն:

Այն, որ նա ուղղակիորեն կապված է ՔՊ-ի հետ, որևէ մեկը երբեք չի կասկածել, ու կարող էր նորմալ ընդունվել, որ նա իր սիրելի կուսակցության քարոզարշավին է մասնակցում: Սակայն խնդիրն այն է, որ նա Գյումրիից չէ, այլ Արարատի մարզից: Ըստ այդմ, առնվազն տարօրինակ է նրա ներկայությունը Սարիկ Մինասյանի քարոզչությանը, առավել ևս, որ առանձին քպականներ այլ ուժերի էին մեղադրում, թե Երևանից գալիս են Գյումրի քարոզչության:

Ըստ այդմ, Գյումրիում շատերի շրջանում հարցեր են ծագում՝ արդյո՞ք անշահախնդիր է նրա մասնակցությունը, արդյո՞ք Ագրարային համալսարանի ուսանողներ ներգրավելու խնդիր չի լուծում (ասենք՝ 2000 ուսանող), արդյո՞ք մինչ Չալաբյանի վրա վկայություն տալն էլ է սերտ կապի մեջ եղել ՔՊ-ի հետ և այլն...

Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։

--00—ՍՊ