ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 26-ին հանդիպել է Ստոկհոլմի Արևելյան Եվրոպայի ուսումնասիրությունների կենտրոնի ներկայացուցիչներ Հյուգո վոն Էսենի և Յակոբ Հեդենսկոգի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Ողջունելով հյուրերին՝ Սարգիս Խանդանյանը կարևորել է Հայաստան-Շվեդիա սերտ համագործակցությունը: Խոսելով միջխորհրդարանական ակտիվ հարաբերություններից՝ հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել Շվեդիայի աջակցությունը մեր երկրի խորհրդարանի կարողությունների զարգացման հարցում:
Կենտրոնի ներկայացուցիչները նշել են, որ իրենց այցի նպատակն է ծանոթանալ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Հյուրերը, մասնավորապես, հետաքրքրվել են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններով, ՀՀ-ԵՄ համագործակցությամբ, խորհրդարանական գործունեությամբ:
Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող փոխգործակցությանը՝ Սարգիս Խանդանյանն ընդգծել է ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը: Հանձնաժողովի նախագահը խոսել է նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացից:
Հանդիպմանը ներկա մեր երկրում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը նշել է, որ Շվեդիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ ձեռք բերված համաձայնությունը և խրախուսում արագ ստորագրումը: