ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
Մեծ Պահքի 6-րդ կիրակին պատգամում է միշտ արթուն, պատրաստ լինել մեր կյանքի ամենակարևոր հանդիպմանը, որովհետև չգիտենք, թե երբ է լինելու Տիրոջ Երկրորդ Գալուստը:
Գալստյան կիրակիին հիշատակվում է Փրկչի Առաջին Գալուստը, երբ Աստծո Որդին խոնարհությամբ եկավ փրկություն քարոզելու և ցույց տալու փրկության ճանապարհը: Անդրադարձ է կատարվում նաև Երկրորդ Գալստյանը:
Աստվածաշնչում այսպես է նկարագրվում դրվագը, երբ Նա գալու է դատելու ողջերին ու մեռածներին:
«Արեգակը կխավարի, լուսինն իր լույսը չի տա, աստղերը երկնքից կընկնեն, և երկնային զորությունները կսասանվեն։ Ապա երկնքում կերևա Մարդու Որդու նշանը։ Եվ այդժամ երկրի բոլոր ցեղերը կողբան և կտեսնեն Մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով զորությամբ ու մեծ փառքով։ Նա կուղարկի իր հրեշտակներին բարձրաձայն փողահարությամբ, որոնք նրա ընտրյալներին կհավաքեն չորս կողմերից՝ երկնքի մեկ ծայրից մինչև մյուս ծայրը» (Մատթեոս 24:29-31):
Արդյո՞ք պետք է վախենանք, երբ մտածում ենք այդ օրվա մասին, Արաբկիր Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանի խոսքով՝ սա ոչ թե վախենալու պատճառ է, այլ առիթ՝ մտածելու ինքնամաքրվելու, դեպի Տերը ընթանալու և քրիստոնեական առաքինություններով ապրելու մասին։
«Մենք պետք է կարողանանք մեր կյանքն առաջնորդել Քրիստոսի պատգամների համաձայն: Մշտապես մնանք աղոթական վիճակի մեջ, ապրենք քրիստոնեավայել: Մեր ամբողջ կյանքը պետք է լինի ինքնամաքրման շրջան»,- նշում է քահանան:
Հոգևորականը հիշեցնում է, որ նման ապրելակերպը շատերին թվում է անհնարին, սակայն իրագործելի է. «Յուրաքանչյուր քրիստոնյա իր լուսավոր գործերով, հարատև աղոթքով, պահքով, Տիրոջ պատվիրանների կատարմամբ, Քրիստոսի խոսքին հնազանդ՝ պետք է պատրաստվի այդ օրվան»:
Տիրոջ Առաջին Գալուստը մեզ ցույց տվեց փրկության ճանապարհը, իսկ Երկրորդ Գալուստը լինելու է արդար դատաստանի ժամանակը։
Քրիստոս Իր Երկրորդ Գալուստը անվանել է՝ «վերջին օրը» (Հովհաննես 6:39), «դատաստանի օր» (Մատթեոս 11:22-24), «Իր գալստյան օրը» (Ղուկաս 17:24), իսկ Պողոս առաքյալը անվանել է՝ «Աստծո բարկության օր» (Հռոմեացիներ 2:5):
Գալստյան կիրակին հիշեցնում է, որ Տերը գալու է: Կարևոր է, որ մարդիկ գիտակցեն, թե ինչ պարգև են ստացել ու մտածեն Աստծո հետ հանդիպման մասին: Պատրաստ լինեն հաղթահարելու փորձությունները:
«Երանի՜ այն ծառաներին, որոնց արթուն կգտնի Տերը, երբ գա» (Ղուկաս 12:37):
--00—ՅՄ