ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News
Թեհրանը և Վաշինգտոնը շաբաթ օրը՝ ապրիլի 12-ին, Օմանում անուղղակի բանակցություններ կանցկացնեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Իրանն ու ԱՄՆ-ն կհանդիպեն շաբաթ օրը Օմանում՝ բարձր մակարդակի անուղղակի բանակցություններ անցկացնելու համար։ Սա ինչպես հնարավորություն է, այնպես էլ ստուգում: Գնդակն ամերիկյան դաշտում է», - գրել է Արաղչին X սոցիալական ցանցում։
Ավելի վաղ Օմանում կայանալիք հանդիպման մասին հայտնել էր The New York Times հրատարակության լրագրող Ֆառնազ Ֆասիհին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 7-ին հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ու Իրանն «ուղղակի բանակցություններ» կանցկացնեն իրանական միջուկային խնդրի շուրջ։
«Մենք ուղղակի բանակցություններ ենք վարում Իրանի հետ», - Սպիտակ տանն ասել է նա լրագրողներին։
Այնուհետև նա պարզաբանել է, որ շփումները տեղի կունենան ապրիլի 12-ին՝ «գրեթե ամենաբարձր մակարդակով»:
«Հուսով եմ, որ այս բանակցություններն արդյունք կտան», - հավելել է ԱՄՆ նախագահը։
Թրամփի կարծիքով, Իրանի հետ նոր համաձայնագիրը «կտարբերվի» Թեհրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» միջև կնքված միջուկային համաձայնագրից (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր)։
«Հնարավոր է՝ մեր համաձայնագիրն ավելի հզոր լինի», - նշել է ԱՄՆ նախագահը։
--00--ԱՀ