ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) 2019թ․ ստացված դիմում-բողոքների հիման վրա և սեփական նախաձեռնությամբ հարուցել է 1674 վարչական վարույթ՝ 2018-ի համեմատ 8 անգամ ավելի։ Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:
Նշանակվել է շուրջ 500 տուգանք՝ ընդհանուր առմամբ շուրջ 247 մլն դրամի չափով։
ԱԱՏՄ-ի ստացած ամենաշատ դիմում-բողոքներն առնչվել են սանիտարահամաճարակային անվտանգության վերահսկողության ոլորտին՝ 161։ Այս առումով հարուցվել է 1069 վարչական վարույթ։
Դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության ոլորտում ստացվել է 24 դիմում (բողոք), հարուցվել է 271 վարչական վարույթ։ Բժշկական սպասարկմանն առնչվող դիմում-բողոքները 36-ն են, հարուցվել է 309 վարչական վարույթ։ Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտին առնչվող 42 դիմում-բողոք է ստացվել, օրենքով սահմանված կարգով հարուցվել է 25 վարչական վարույթ։
Վարչական վարույթների արդյունքում հայտնաբերված խախտումների համար տնտեսավարող սուբյեկտներին տրվել է 772 կարգադրագիր՝ խախտումները վերացնելու համար։
Դիտարկվել են տնտեսավարողների կողմից օրենքների առավել հաճախակի խախտումները, դրանց պատճառները և տարածվածությունը։ Ըստ այդմ՝ խախտումները հիմնականում պայմանավորված են օրենսդրության պահանջների չիմացությամբ և ոչ բավարար իրազեկմամբ:
Դեղերի շրջանառության և դեղագործության ոլորտում առավել հաճախ խախտվում են դեղերի պետական գրանցման, ներմուծման և արտահանման հետ կապված օրենքների պահանջները։ Բուժսպասարկման ոլորտում հաճախ խախտվում է բժշկական փաստաթղթերի լրացման և վարման կարգը։ Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում օրենսդրության խախտումներն առավելապես առնչվում են աշխատատեղերում, շենքերում և կառուցապատման տարածքներում առկա աղմուկին, բնակտարածքներում սանիտարական նորմերի պահպանմանը, բժշկական թափոններին, բժշկական նշանակության արտադրատեսակների ախտահանմանը և մանրէազերծմանը, ջրի որակին: Սանիտարական նորմերի խախտումներ արձանագրվել են նաև նախադպրոցական կազմակերպություններում։
Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտում տնտեսավարող սուբյեկտներն առավել հաճախ խախտում են աշխատողներին աշխատանքի կոլեկտիվ և անհատական պաշպանության միջոցների տրամադրման և կիրառման, գործատուի կողմից աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության վերաբերյալ ներքին իրավական ակտեր չընդունելու նորմերը։