ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News
ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը փետրվարի 21-ին «Նաիրի» ԲԿ-ից տուն է տեղափոխվել։ Այդ մասին 24News-ին տեղեկացրեց Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։
«Տևական ժամանակ բուժում ստանալուց հետո Մանվել Գրիգորյանի մոտ դրական արդյունք չի եղել, նրան թույլ տվեցին տուն գնալ իր ցանկությամբ և ստորագրությամբ։ Սակայն տուն տեղափոխվելուց ժամեր անց Գրիգորյանի վիճակը վատացել է և հաջորդ օրը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք», - նշեց պաշտպանը։
Լևոն Բաղդասարյանը նաև նշեց, որ Մանվել Գրիգորյանի հիմնական հիվանդությունները՝ քաղցկեղը և շաքարային դիաբետն այդքան չեն անհանգստացնում, որքան երկրորդային հիվանդությունները, ինչը շնչառության հետ կապված խնդիրներ է առաջացնում։
Պաշտպանը հավելեց, որ ներկայումս Գրիգորյանը հիվանդասենյակում է՝ վերակենդանացման բաժանմունքի սարքավորումներով, նրա վիճակը կայուն է։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել հունվարի 14-ից, նրա առողջական վիճակը հաշվի առնելով Դատախազությունը արտահերթ նիստի միջնորդությամբ հանդես եկավ, որի ընթացքում շուրջ 1․5 տարի անազատության մեջ գտնվող Գրիգորյանի նկատմամբ ընտրված կալանավորումը փոխվեց ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցով։