ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News
Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ կորոնավիրուսի պատճառով «Grand Princess» ճամփորդական նավը Կալիֆորնիայի ափերի մոտ մեկուսացվել է:
3000 հոգանոց նավը, որ նավարկում էր Սան Ֆրանցիսկոյից Հավայան կղզիներ և նախատեսվում էր նավարկությունն ավարտել շաբաթ օրը, հրաման է ստացել անհապաղ վերադառնալ նավահանգիստ: Պատճառն այն է, որ 2 նախկին ուղևորների մոտ, որոնք փետրվարի 11-21-ը Մեքսիկա նավարկության ընթացքում գտնվել են նավի մեջ, հայտնաբերվել է կորոնավիրուս։ Վարակվածներից մեկը ՝ Սակրամենտոյի արվարձանում բնակվող 71-ամյա տղամարդը, մահացել է:
Նավի 62 ուղևորները ևս փետրվարին Մեքսիկա էին նավարկել: Իշխանությունը կարծում է, որ նրանք կարող են վարակված լինել և տարածել հիվանդությունը այլ մարդկանց շրջանում: Այժմ նավի վրա գտնվող 20 մարդու մոտ գրիպի ախտանշաններ կան:
Պլանավորվում է կորոնավիրուսի 200 թեստ հասցնել նավ, որպեսզի ստուգվեն այն մարդիկ, որոնք կարող էին կապի մեջ լինել վարակակիրների հետ և նրանք, ովքեր լավ չեն զգում: