ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 18, 24News
Կառավարության նիստի ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց կորոնավիրուսով վարակված, հոսպիտալիզացիայի կարիք ունեցող քաղաքացիների վիճակագրությունը:
«Առավոտյան՝ ժամը 9։00-ի դրությամբ, ունենք 143 հոգի, որ կարիք ունի COVID հոսպիտալներում հոսպիտալիզացիայի, որից 25-ը գտնվում են տանը, որոնցից 9-ը թեթև ծանրության են, բայց կարիք ունենք հոսպիտալիզացիայի, 16-ը՝ միջին ծանրության։
Տանը գտնվող քաղաքացիներից, բարեբախտաբար, 80 և ավելի ցածր թթվածնի պարունակությամբ պացիենտներ չունենք։ Սակայն ունենք բազմաթիվ քաղաքացիներ, որոնք գտնվում են այլ մասնագիտացված կենտրոններում, որտեղ կորոնավիրուսի նեղ մասնագիտացված բուժում չի նշանակվում, և կարիք ունեն տեղափոխվելու մասնագիտացված հիվանդանոցներ»,-ասաց նախարարը:
Ըստ Թորոսյանի՝ 444 հոգի ծանր վիճակում են, 131 հոգի՝ ծայրահեղ ծանր վիճակում։ 39 հոգի գտնվում է թոքերի արհեստական օդափոխման սարքերի վրա։
Ծանրաբեռնվածության թեմային անդրադառնալիս նախարարը նշեց, որ 263 ռեանիմացիոն մահճակալ կա այս պահին, որոնց տրամադված էին կորոնավիրուսով վարակվածներին:
«Երկու շաբաթ առաջ դրանք մոտավորապես 200 էին, միևնույն է ազատ տեղեր պրակտիկորեն չկան, հատուկենտ ազատ տեղեր են… դրանք շատ արագ են ծանրաբեռնվում են, և մեր բժիշկները շատ արագ փորձում են թեկուզ մի թեթև ծանրացող պացիենտին տանել ռեանիմացիոն բաժանմունքներ, որպեսզի կանխարգելեն վատացումը, և ազատ չթողնեն էդ կարևոր ռեսուրսը»,-ասել է Թորոսյանը:
--00—ԼՄ