ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News
Իրավապահները խուզարկել են ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանի տունը: Այդ մասին 24News-ի հետ զրույցում նշեց պատգամավորը։
«Խուզարկությունը երեկ է եղել՝ հունիսի 17-ին, 3 հոգով են եղել, չգիտեմ՝ ԱԱԾ-ից էին, թե որ իրավապահ համակարգից, նայել գնացել են ուղղակի, առգրավել են ինձ պատկանող 2 հեռախոս և իմ անձնական օգտագործման Ipad-ը, այն միայն գործուղումների ժամանակ եմ օգտագործել և դժվար թե այնտեղ ինչ որ բան գտնեն։ Խուզարկության ընթացքում ես տանը չեմ եղել, Երևանում էի։ Տան անդամները հարցրել են, թե ինչ են փնտրում, պատասխանել են՝ ինչ-որ ցուցակներ, թե ինչ ցուցակներ չեմ կարող ասել»,– պատմեց պատգամավորը։
Այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորում խուզարկությունը, հնարավոր համարո՞ւմ է, որ քրեական գործ կհարուցվի, Գրիգորյանը պատասխանեց.
«Ի՞նչ քրեական գործ պիտի հարուցվի իմ դեմ, ոչ մի բան չկա, Էսօրվա իրավիճակով եմ պայմանավորում, այն, ինչ կատարվում է ԲՀԿ-ի նկատմամբ, ուրիշ ինչով պիտի պայմանավորվեր, եթե էս խուզարկությունը չի եղել մի ամիս առաջ, մի տարի առաջ», - ասաց Գրիգորյանը։
Սոնա Գրիգորյան
--0--ԿԿ