ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 31, 24News
Ոստիկանությունը պարզել է, որ հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված երկաթա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ հուլիսի 21-ին ոստիկանության Չարենցավանի բաժին էր դիմել Չարենցավան քաղաքի բնակիչ Վարդիթեր Գ.-ն և հայտնել, որ ամուսինը՝ Չարենցավան քաղաքի բնակիչ, 80-ամյա Վազգեն Գ.-ն, 1 օր առաջ տանից դուրս է եկել անտառ գնալու նպատակով և չէր վերադարձել։
Նույն օրը քաղաքացու կողմից ահազանգ է ստացվում ոստիկանության Չարենցավանի բաժին, որը հայտնել է, որ Սևան-Երևան հիդրոկասկադի՝ Չարենցավանի զինկոմիսարիատի մոտակայքում ջրատարի հարևանությամբ, հայտնաբերել է տղամարդու հագուստ, ձեռնափայտ և անձնական որոշ իրեր։ Նշված վայր են ժամանում ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը, այնուհետև հրավիրում են Վարդիթեր Գ.-ին։ Վերջինս էլ հայտնում է, որ հագուստներն ու իրերը պատկանում են իր ամուսնուն։
Նույն օրը՝ որպես անհայտ կորած, սկսվում են որոնողական աշխատանքներ Վազգեն Գ.-ին հայտնաբերելու ուղղությամբ։ Դիակի հայտնաբերումից հետո քննիչի որոշմամբ նշանակվում են մի շարք փորձաքննություններ, ու արդեն դիակի ճանաչման նպատակով դիահերձարան է հրավիրվում Վարդիթեր Գ-ն, ով արդեն տեղում իրավապահներին հայտնում է, որ նա իր ամուսինն էր։
Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ հուլիսի 28-ին առեղծվածային դեպք էր տեղի ունենցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմանում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի երկաթյա խողովակի մեջ դի կա։
Փրկարարները հիմնականում քաղաքացիների օգնությամբ, օգտագործելով էլեկտրազոդման հատուկ սարք, կարողացել էին մեծ դժվարությամբ դուրս բերել գլխատված ու ամբողջովին քայքայված տղամարդու դին։
--00—ԼՄ